211652_close_icon
views-count3320 դիտում article-date 21:13 02-03-2018

Քննարկվել են Երևանի և բելառուսական ընկերությունների միջև ներդրումային ծրագրերի շուրջ համագործակցության հեռանկարները

Քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարի տեղակալ Դմիտրի Կորչիկի գլխավորած պատվիրակության հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Ողջունելով հյուրերին՝ Վահե Նիկոյանը ներկայացրել է Երևանի զարգացման ծրագրերի շրջանակում որդեգրած ներդրումային քաղաքականությունն ու վերջին տարիներին դաշտի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Քաղաքապետի տեղակալն անդրադարձել է նաև ներկայում քննարկվող ներդրումային խոշոր ծրագրերին, այդ թվում հարմարավետ միջավայրի ապահովման համատեքստում հասարակական տրանսպորտի բարեփոխումների, վերելակային տնտեսության և մի շարք այլ ուղղություններով և ընդգծել դրանց շուրջ հնարավոր համագործակցության հեռանկարները: «Երևանում ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտն այսօր փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ է ընձեռում: Մի շարք ոլորտներում հաջողությամբ իրականացվել և ընթացքում են ներդրումային տարբեր նախագծեր: Մենք բարձր ենք գնահատում Բելառուսի, մասնավորապես Մինսկի հետ մեր համագործակցությունը և այս առումով կարևորում ենք քաղաքային ծրագրերի իրագործման ուղղությամբ բելառուսական ընկերությունների հետաքրքրվածությունը», - նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է խորացնելու գործակցային կապերն ու աջակցելու համատեղ ծրագրերի իրականացմանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության և համագործակցության զարգացման հարցում պատարստակամության համար՝ Բելառուսի արդյունաբերության փոխնախարար Դմիտրի Կորչիկը ընդգծել է բելառուսական կողմի հետաքրքրվածությունը Երևանի տրանսպորտային ցանցի, վերելակային տնտեսության և «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրերի իրականացման շուրջ: «Ուսումնասիրելով և որոշակիորեն ծանոթանալով Երևանի զարգացման ծրագրերով ամրագրված առաջնահերթություններին, եկել ենք առաջարկելու բելառուսական առաջատար ընկերությունների փորձը: Կարծում եմ, որ վերը նշված, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում քաղաքապետարանի աջակցությամբ կարող ենք արդյունավետ համագործակցության եզրեր գտնել», - նշել է Դմիտրի Կորչիկը: Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկն իր հերթին, շնորհակալություն հայտնելով բովանդակալից քննարկման համար, պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը: Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը փոխշահավետ համագործակցություն ծավալելու գործում:

Նմանատիպ նյութեր