211652_close_icon
views-count3687 դիտում article-date 21:43 01-03-2018

«Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ» թեմայով քննարկում է տեղի ունեցել Բեռլինում

Փետրվարի 28-ին Բեռլինում «Գերմանիայի բռնապետության դեմ պայքարի և վերաիմաստավորման դաշնային հիմնադրամի» կենտրոնակայանում Հիմնադրամի և ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվեց «Ժողովրդավարական շարժումների սկիզբը Հայաստանում ԽՍՀՄ փլուզումից առաջ և անցյալի նկատմամբ ընկալումները» թեմայով քննարկում՝ նվիրված Սուգայիթյան զոհերի հիշատակին: Քննարկմանը բացման խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հիմնադրամի ղեկավար դոկտոր Աննա Կամինսկին: Ողջունելով ներկաներին՝ դեսպան Սմբատյանն անդրադարձավ բռնապետական պայմաններում անցյալի հիշողության պահպանման՝ տարբեր հանցագործությունների զոհերի հիշատակման մշակույթին: Դեսպանը նաև ներկայացրեց Արցախյան շարժման սկզբնական փուլի զարգացումները և ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հայ բնակչության կոտորածները Սումգայիթում, Բաքվում և այլուր, որոնք պատախան էին իրենց արդար կամքը բարձրաձայնելու նպատակով հայերի կազմակերպած խաղաղ ցույցերի: Դեսպան Սմբատյանը, շնորհակալություն հայտնելով դաշնային հիմնադրամի ղեկավարությանը, նշեց, որ միջոցառումը, որը տեղի է ունենում սումգայիթյան զոհերի 30-ամյա հիշատակի օրերին, խորհրդանշական է և պարտավորեցնող: Նա ընդգծեց, որ հանցագործությունը ժամանակին դատապարտվել է նաև միջազգային հանրության կողմից, այդ մասին համապատասխան բանաձև է ընդունել նաև Եվրախորհրդարանը, սակայն, ցավոք, մինչ օրս հանցագործներն իրենց պատիժը չեն կրել: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Քյոլնի համալսարանի Արևելյան Եվրոպայի պատմության ամբիոնի պրոֆեսոր Գերհարդ Զիմոնը, Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ Ալեքսանդրի անվան համալսարանի գիտաշխատող, պատմաբան Հայկ Մարտիրոսյանը: Քննարկումները համակարգում էր Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի գիտական ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը: Ներկա էին նաև Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի պատգամավորներ, հասարակական գործիչներ, ակադեմիական շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք: Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձան ԽՍՀՄ գոյության վերջին շրջանում սկիզբ առած ազգային շարժումների զարթոնքին, հայ ազգային շարժման հարցում Ցեղասպանության հիշողության դերին, Արցախյան շարժման առաջին տարիների զարգացումներին, ինչպես նաև պատասխանեցին ներկաների բազմաթիվ հարցերի:

Նմանատիպ նյութեր