211652_close_icon
views-count6413 դիտում article-date 22:25 01-03-2018

Կանանց տոներին ընդառաջ՝ ցուցահանդես-վաճառքների միջոցով հանրությանն են ներկայացվելու ժողովրդական արվեստի նմուշներ

Կանանց տոներին ընդառաջ՝ մարտի 3-11-ը, Ժողովրդական արվեստի կենտրոնում կգործի ժողովրդական վարպետների ստեղծագործությունների ցուցահանդես-վաճառք: Բացումը՝ մարտի 3-ին, ժամը 14:00-ին: Ժողովրդական արվեստի կենտրոնն այսուհետ հետևողական կերպով ցուցահանդես-վաճառքների միջոցով հանրությանն է ներկայացնելու ժողովրդական արվեստի նմուշներ: Կենտրոնի առաքելություններից մեկը ժողովրդական վարպետների հետ աշխատանքն է, նրանց ստեղծագործությունների ճիշտ ներկայացումն ու արժևորումը, որպեսզի յուրաքանչյուր գնորդ գիտակցի, որ ձեռք է բերում արվեստի նմուշ: Հայ ժողովուրդը շատ հարուստ ու գեղեցիկ կենցաղ է ունեցել. ցուցահանդես-վաճառքների միջոցով ժողովրդական արվեստի կիրառական և դեկորատիվ նմուշները կվերադառնան մեր կենցաղ՝ ներկայացնելով հայ ժողովրդի մշակութային դիմագիծը, նպաստելով տուրիզմի ոլորտում ժողովրդական արվեստի գրագետ ներգրավմանը: Ցուցահանդես-վաճառքի ժամանակ կներկայացվեն փայտի գեղարվեստական փորագրության, արծաթագործության, ասեղնագործության, կարպետագործության, խեցեգործության և այլ նմուշներ: Ձեռք բերեք ժողովրդական վարպետների աշխատանքները՝ գեղեցկացնելով ձեր և ձեր սիրելիների տոնը: [b]Հակիրճ տեղեկատվություն Կենտրոնի մասին[/b] Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոնը ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Կենտրոնը ստեղծվել է 2011թ.-ին՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանի և Ժողովրդական ստեղծագործության և արհեստագործության կենտրոնի միավորմամբ: Կենտրոնի Երևանի և Դիլիջանի մասնաճյուղի ժողովրդական արվեստի թանգարանների հիմքը կազմում են 1930-ական թվականներին ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Հավաքածուն (շուրջ 10.000 նմուշ) ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության, գորգագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Հավաքածուում առանձնակի տեղ են գրավում սփյուռքահայերի նվիրատվությունները: Ժողովրդական վարպետների ստեղծագործությունները յուրատիպ մշակութային արժեքներ են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմա-ազգագրական գրեթե բոլոր շրջանների ժողովրդական արվեստն ու նրա զարգացման փուլերը: Կենտրոնում դասավանդվում են գորգագործություն, կարպետագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն։ [b]Ժողովրդական արվեստի կենտրոն / Folk Art Center[/b]

Նմանատիպ նյութեր