211652_close_icon
views-count2859 դիտում article-date 18:53 28-02-2018

ՀԱՕԿ-ը մարզահագուստ հանձնեց հայկական պարալիմպիկ պատվիրակությանը

Մարտի 5-ին հայկական պատվիրակությունը կմեկնի Փհենչհան՝ ձմեռային պարալիմպիկ խաղեր: Հայաստանը դեռևս մեկ ներկայացուցիչ ունի: Դահուկավազքում հանդես կգա Ստասիկ Նազարյանը: Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք անում են հնարավոր ամեն բան՝ Փհենչհան-2018-ում երկրորդ մասնակիցն ունենալու համար: «Ցանկանում ենք, որ Փհենչհանում հանդես գա նաև լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանը: Նա Չեխիայում պետք է մասնակցեր վարկանիշային մրցաշարի: Սակայն, Հայաստանում Չեխիայի դեսպանատունը մեզ չընդառաջեց վիզայի հարցում: Այժմ դիմել ենք միջազգային պարալիմպիկ կոմիտե, որ մեր լեռնադահուկորդին թույլ տան մասնակցել Խաղերին»,- ասաց Հակոբ Աբրահամյանը: Ստասիկ Նազարյանի համար պարալիմպիկ խաղերին մասնակցելն արդեն մեծ հաջողություն է. «Կփորձեմ հանդես գալ իմ հնարավորությունների սահմանում: Ցանկալի կլիներ ունենայի լավ արդյունքներ, բայց դրա համար պետք է տարվա ընթացքում ավելի շատ մարզվել ու մրցումների մասնակցել»,- նշեց մարզիկը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից մարզահագուստ հանձնեց պարալիմպիկ պատվիրակության անդամներին, այդ թվում լեռնադահուկորդ Սասուն Հակոբյանին: «Գագիկ Ծառուկյանը մշտապես աջակցում է մեր բոլոր մարզիկներին: ՀԱՕԿ նախագահի և օլիմպիական կոմիտեի անունից հաջողություն եմ ցանկանում Ստասիկ Նազարյանին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը: Նախնական տվյալներով Փհենչհանի պարալիմպիակ խաղերին կմասնակցեն 42 երկրի շուրջ 550 մարզիկներ: Պարալիմպիկ խաղերը կկայանան մարտի 9-18-ը:

Նմանատիպ նյութեր