211652_close_icon
views-count3989 դիտում article-date 15:14 23-02-2018

Իշխող կոալիցիան նախագահի պաշտոնում կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը. հավաքվել է 60 ստորագրություն

Որոշումը կայացվել է. իշխող կոալիցիան Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նշենք, որ ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների հետ Ա. Սարգսյանի հանդիպումից առաջ ու հետո նա լրագրողների հետ հանդիպման դուրս չեկավ: «Մեխանիզմն այնպիսին է, որ նախագահի թեկնածու առաջադրում են կոալիցիայի անդամ 2 խմբակցությունների պատգամավորները, և հանդիպման ընթացքում կայացվեց այդ որոշումը»,- ասաց Ա. Վարդանյանը՝ հավելելով, որ Ա. Սարգսյանը կարճ ու բովանդակալից ելույթ է ունեցել: Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ նախագահի ՀՀԿ թեկնածուին առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքում են, շուրջ 60 ստորագրություն է հավաքվել. «Առաջադրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի ստորագրությունը, այսինքն՝ բավարարից 1 անգամ ավելի ստորագրություն հավաքվել է»: «Արմեն Սարգսյանը ներկայացրեց իր մոտեցումները ոչ միայն նախագահի պաշտոնում իր գործունեության, այլև 21-րդ դարում Հայաստանի զարգացման ուղղությունների, երկրի առջև ծանրացած մարտահրավերների, երիտասարդության առաքելության վերաբերյալ: Պետք է ասեմ, որ մի ելույթ էր, որը, կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ցանկության ու պատկերացման հետ նույնական են: Եթե մենք այս պատկերացումների շրջանակում կարողանանք քրտնաջան աշխատել, վստահ եմ՝ այդպիսի պետություն մենք ունենալու ենք»,-ընդգծեց ՀՅԴ ներկայացուցիչը: Աղվան Վարդանյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե Սահմանադրական փոփոխություններից հետո հանրապետության նախագահից ոչինչ կախված չէ. «Նման բաներ ասելը ոչ ճիշտ պատկերացման արդյունք է, քանի որ մեր նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահը պետության գլուխն է, հանրապետության նախագահը կարող է ուղերձով դիմել ԱԺ-ին եւ իր գործառույթները ոչ միայն ֆորմալ կատարել. իր գործառույթները ոչ միայն ֆորմալ, այլեւ բխում են Սահմանադրության ոգուց, ինչը նշանակում է, որ շատ բան կախված է պետության գլխից»:

Նմանատիպ նյութեր