211652_close_icon
views-count3503 դիտում article-date 17:58 22-02-2018

ՀՀ նախագահի ընտրությունն առաջին անգամ կատարվելու է Ազգային ժողովի միջոցով. Գագիկ Հարությունյան

«Խորհուրդ կտամ շատ ուշադիր կարդալ 211-րդ հոդվածը՝ [ՀՀ Սահմանադրության] անցումային դրույթների: 125-րդ հոդվածով կա հիմնական իրավակարգավորում, կա նաև անցումային դրույթ, որոնց էությունն անցումային առանձնահատկություն սահմանելն է: 211-րդ հոդվածում հստակ սահմանված է, որ նախագահի ընտրության կարգն առաջին ընտրության պարագայում իրականացվելու է այս եղանակով: Այսինքն՝ հստակ սահմանված է, որ նախագահի ընտրությունն առաջին անգամ կատարվելու է Ազգային ժողովի միջոցով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն, անդրադառնալով ՀՀ նախագահին ընտրելու ձևի շուրջ հասարակական քննարկումներին: ՍԴ նախագահը նկատեց, որ Սահմանադրության 7-րդ գլուխը դեռ ուժի մեջ չի մտել, բայց անգամ այդ գլխով հստակեցվում են անցումային դրույթներ, որոնք այդ փուլում այլ լուծումներ են սահմանում՝ «անցման կայունությունը, դինամիկան ապահովելու համար»: «Մենք Սահմանադրության վրա սկսեցինք աշխատել 2013թ. սեպտեմբերից: Հոկտեմբերից մշակեցինք հայեցակարգ, որից հետո փոփոխություններ, 2015թ. եղավ հանրաքվե, 2018 թվականն է՝ մենք դեռ անցումային փուլում ենք, որի նպատակը այս անցումը ներդաշնակ, դինամիկ ապահովելն ու իշխանության մեջ վակուում չառաջացնելն է»,- ասաց Գագիկ Հարությունյանը: Նշենք, որ այսօր ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում գրել էր, թե ԵԼՔ-ը պատրաստվում է դիմել ՍԴ, պահանջելով հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է Հայաստանի նախագահին ընտրել Ազգային ժողովում, և չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։

Նմանատիպ նյութեր