211652_close_icon
views-count4754 դիտում article-date 10:55 22-02-2018

Թվային դարաշրջանը հնարավորություն չի տալիս թաքցնելու դաստիարակության և ինտելեկտի արատները. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո կես ժամ անց տաքսու վարորդն իր հեռախոսով ինձ ցույց էր տալիս միջադեպի տեսագրությունը՝ ՀՀԿ-ականների հասցեին համապատասխան մեկնաբանություններով: Խոսքս տվյալ դեպքում այն մասին չէ, որ մեր քաղաքացիները 25 (եթե ոչ ավելի) տարիների ընթացքում ձևավորել են որոշակի կարծրատիպեր և պատրաստ են ընկալել միայն այն տեղեկատվությունը, որը հաստատում և ամրապնդում է այդ կարծրատիպերը: Խոսքն այս պարագայում տեղեկատվության մատչելիության և արագ տարածման մասին է, որը, ինձ թվում է, մեր կյանքում տեկտոնիկ փոփոխությունների սկիզբն է: Այդ սրընթաց զարգացումները պետք է հաշվի առնեն բոլորը: Մարդը, որը իրադարձությունից րոպեներ անց տեղեկացել է իրեն հետաքրքրող իրադարձության մասին, երեկոյան չի գնա տուն, միացնի հեռուստացույցը և նայի, թե ում է ընդունել նախագահը, և ինչ խորհրդակցություն է անցկացրել վարչապետը: Նա, ըստ ամենայնի, կգնա տուն և նույն հեռախոսով կամ համակարգչով կփնտրի նույն ծեծկռտուքի այլ կետերից նկարահանված տեսագրությունները, ինչպես նաև գուցե կփնտրի տեսակետներ, որոնք հաստատում են իր՝ տարիներով ձևավորված ընկալումները: Խորհրդարանում, ավագանիում և ամենակարևորը՝ ընտրությունների ժամանակ եղանակ ստեղծող «գողականներն» ու «կիսագողականները» նույնպես այդ ամենը պետք է հաշվի առնեն: Հիշո՞ւմ եք, վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովի անդամ Արայիկ Գևորգյանը սպառնացել էր «Առավոտի» կին լրագրողին՝ որ «մռութը ջարդի»: Ոստիկանությունն, իհարկե, կոծկել էր այդ գործը, և սույն անձնավորությունը որևէ պատասխանատվության չի ենթարկվել: Բայց Արայիկը պետք է իմանա, որ տեսագրությունը կա, այն պահպանվելու է հավերժ և հասնելու է նրա երեխաներին, թոռներին ու ծոռներին: Ճիշտ նույն ձևով ավագանու գողական (կամ կիսագողական) անդամները, որոնք վեց հոգով հարձակվել էին մի կնոջ վրա, անկախ նրանից, թե ինչպիսին է այդ կնոջ վարքը, պետք է գիտակցեն, որ նրանց ամեն շարժում արձանագրված է տեսագրության մեջ ու հասանելի է հարյուր հազարավոր մարդկանց: Պարզ է, որ, հաշվի առնելով մեր իրավապահ համակարգի «առանձնահատկությունները», ավագանու հիշյալ անդամներին նույնպես կհաջողվի խուսափել պատասխանատվությունից: Բայց նոր՝ թվային դարաշրջանը նրանց ոչ մի հնարավորություն չի տալիս թաքցնելու իրենց դաստիարակության և ինտելեկտի, մեղմ ասած, արատները: Եվ դրանց մասին նույնպես կիմանան հաջորդ սերունդները, որքան էլ փորձեն լրագրողների աշխատանքը «կանոնակարգել»: Իդեալական տարբերակն, իհարկե, այն է, որ այդ մարդիկ նստեն: Բայց եթե նույնիսկ չնստեն, միևնույն է՝ նրանք կամ նրանց նմանները պետք է որ հասկանան, որ իրենց դաստիարակության ու կրթության առանձնահատկություններն ամեն ժամ և ամեն րոպե հայտնվում են տեսանյութերում: Այդպիսին է ներկայիս ժամանակահատվածի առանձնահատկությունը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր