211652_close_icon
views-count4576 դիտում article-date 18:21 21-02-2018

Գայանե Ներսիսյան. Հավատում էինք, որ Յուլյան կկարողանա օլիմպիական ուղեգիր նվաճել. ՖՈՏՈՇԱՐՔ

Վերջերս Մոսկվայում անցկացված վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան զբաղեցրեց 6-րդ տեղը և 2018 թվականի Բունենոս Այրեսի պատանեկան ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: ՀԱՕԿլրատվականի հետ զրույցում գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը խոսեց Յուլյայի հաջողության և 2018 թվականի ծրագրերի մասին: «Վոդոպյանովայի հաջողությունը մեզ համար անակնկալ չէր: Հավատում էինք, որ նա կարող է օլիմպիական ուղեգիր նվաճել, չնայած հասկանում էինք, որ հեշտ չի լինի: Մոսկովյան մրցաշարն ընտրական էր Եվրոպայի համար: 56 մասնակիցների մեջ խաղարկվում էր 18 ուղեգիր: Յուրաքանչյուր երկիր 2-ական մարզիկ կարող էր ներկայացնել, բայց այդ մակարդակի երկրորդ մարմնամարզուհի մենք չունեինք: Չնայած շատ մեծ մրցակցությանը, Յուլյան հրաշալի հանդես եկավ: Նա ապրում և մարզվում է Նիժնի Նովգորոդում (ՌԴ), հայտնի մարզիչ Նատալյա Տիշինայի գլխավորությամբ: Այս օրերին մեծահասակների և երիտասարդների (մինչև 15) միջազգային մրցաշարերում մասնակցեցին մեր մի քանի մարմնամարզուհիներ: Առաջատար Յասմինա Աղագուլյանը հանդես եկավ «Գրան Պրիի» խաղարկությունում՝ զբաղեցնելով 16-րդ տեղը: Այս տարի նրան սպասում է Եվրոպայի առաջնությունը (Իսպանիա, Գվադալախարա, մայիսի 29-ից հունիսի 4): Զուգահեռ, աշխարհամասի երիտասարդների առաջնությունում հանդես կգա նաև Վոդոպյանովան, և հավանաբար, Լուսինե Գևորգյանը: Աշխարհի առաջնությունը կանցկացվի Սոֆիայում սեպտեմբերի 7-16-ը: Նախատեսում ենք հանդես գալ ընդհանուր թիմային հաշվարկով, ինչի համար պետք է հայտավորել 3-4 մարզիկների: Բուլղարիայի մայրաքաղաքում հանդես կգան Յասմինա Աղագուլյանը, Էլլա Աստվածատրյանը, Սիլվա Սարգսյանը: Հնարավոր է չորրորդ մարմնամարզուհու մասնակցությունը: Նախատեսում ենք Յասմինայի մասնակցությունը նաև Աշխարհի գավաթի խաղարկության Սոֆիայի, Տաշքենդի և Պեզարոյի փուլերում: Բաքվում կայանալիք աշխարհի գավաթի փուլը հասկանալի պատճառներով բաց կթողնենք: Ցավոք, 2019 թվականի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար, ևս կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաքում»,- ասաց Գայանե Ներսիսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր