211652_close_icon
views-count1358 դիտում article-date 19:11 21-02-2018

Քննարկվել են ՀՀ Ազգային ժողովի և Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջև փոխգործակցության զարգացման հարցեր

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն Իսրայելի Կնեսեթում ընթացող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովի շրջանակում առանձին աշխատանքային քննարկում է ունեցել Կնեսեթի գլխավոր տնօրեն Ալբերտ Սախարովիչի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կնեսեթի մի շարք ստորաբաժումների ղեկավարներ, այդ թվում նաեւ հետազոտությունների եւ տեղեկատվության կենտրոնի ղեկավարն ու Կնեսեթի մամուլի խոսնակը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերի միջեւ համագործակցության զարգացմանը եւ փորձի փոխանակման անհրաժեշտությանը վերաբերող հարցերի: Ալբերտ Սախարովիչը փորձի լայնածավալ փոխանակման պատրաստակամություն է հայտնել, այդ թվում աշխատակազմի թե՛ առանձին եւ թե՛ բոլոր ստորաբաժանումների մակարդակով: Ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկումների առանցքում է եղել փորձագիտական ծառայությունների մատուցման եւ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողության կազմակերպման ու իրականացման իսրայելական փորձը: Նշենք, որ Կնեսեթի հետազոտությունների եւ տեղեկատվության կենտրոնում աշխատում է շուրջ 36 մասնագետ: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորհրդարանների աշխատակազմերի ստորաբաժանումների անմիջական համագործակցության եւ փորձագետների փոխայցերի կազմակերպման վերաբերյալ: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը մասնակցում է Իսրայելի Կնեսեթում փետրվարի 20-22-ն անցկացվող խորհրդարանների աշխատակազմերի գլխավոր տնօրենների եւ գլխավոր քարտուղարների միջազգային համաժողովին, որին մասնակցում են 25 երկրների խորհրդարանների ու միջազգային խորհրդարանական կազմակերպությունների շուրջ 50 բարձրաստիճան պաշտոնյաներ: Համաժողովի ընթացքում քննարկվում են մասնավորապես հանրության համար խորհրդարանների մատչելիության, օրենսդրական աշխատանքի թափանցիկության ու հրապարակայնության, գործադիրի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության թեմաները:

Նմանատիպ նյութեր