211652_close_icon
views-count26311 դիտում article-date 21:42 20-02-2018

ԵՊՀ-ում ուսանողական նոր կենտրոն է գործելու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 20-ին, ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին և «Արցախի տուն» գիտակրթական և մշակութային ուսանողական կենտրոնի բացմանը: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պրոռեկտորներ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր: ԵՊՀ ռեկտորն իր խոսքում ասաց, որ այսօր ուրախալի օր է. «Ուղիղ 30 տարի առաջ մեր կյանքում տեղի ունեցավ բեկումնային շրջադարձ, որը կանխորոշեց մեր ժողովրդի և մեր անկախության գալիք ճանապարհը: Այս 30 տարիների ընթացքում մեր ժողովուրդը անցավ պայքարի, մաքառումների, կենսահաստատման մի փայլուն ճանապարհ, և այսօր մենք քաղում ենք Արցախյան գոյապայքարի նոր շրջանի պտուղները՝ նախևառաջ անկախ պետականության տեսքով: Մեր երկիրն այսօր անկախ է, ազատ: Ազատ է նաև Արցախը: Եվ մեր երկու հանրապետություններում մեծանում է սերունդ, որը ազատության ծնունդ է, որը պատրաստ է պայքարելու իր ազատության, իր երջանկության և սեփական ժողովրդի պայծառ ապագայի համար»: Խոսելով ուսանողական նոր կենտրոնի մասին՝ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ դրա ստեղծումը վաղուց սպասված իրողություն է. «Այն մեր ուսանողական կառույցների և ուսանողական ղեկավար մարմինների՝ դեպի Արցախ ուղղորդման գործունեության պտուղն է: Տարիների ընթացքում համալսարանականները և առաջին հերթին մեր ուսանողները բազմիցս տարբեր առիթներով եղել են Արցախում, որի արդյունքում նրանք նոր հայացքով ու նոր փիլիսոփայությամբ են մոտենում մեր պայքարին, մեր անկախությանը և մեր ազատությանը: Ուզում եմ համալսարանի ղեկավարության անունից ողջունել այն ուսանողներին, ովքեր հղացան այս միտքը և ստեղծեցին «Արցախի տուն» կենտրոնը»: Ուսանողական նոր կենտրոնի հիմնադիր Հայրապետ Նավասարդյանի հավաստմամբ՝ կենտրոնի նպատակն է Արցախը ներկայացնել ոչ թե որպես ռազմական հակամարտության գոտի, այլ նպաստել Արցախի մշակութային ժառանգության, գիտական և կրթական գործունեության ճանաչմանը: «Կենտրոնն իրողություն դարձավ իմ ընկերների և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի աջակցության շնորհիվ: «Արցախի տունն» իր կրթական գործառույթով կփորձի միավորել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի և Սփյուռքի ուսանողությանը: Կազմակերպելու ենք տարաբնույթ միջոցառումներ: Այսօր արդեն մեկնարկել է ադրբեջաներեն լեզվի ուսուցումը, որի նպատակը ազգային անվտանգության խնդիրների լուծմանն օժանդակելն է»,- մեզ հետ զրույցում փաստեց Հայրապետ Նավասարդյանը: Ուսանողական նոր կենտրոնի հիմնադիրները ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ Հայրապետ Նավասարդյանը, Ռոմելա Գուլյանցը և Աննա Ցիցյանն են: Կենտրոնի խորհրդանիշը 3 նռներն են՝ Հայաստանը, Սփյուռքը և նրանց գրկում՝ Արցախը: Նոր կենտրոնի բացման հանդիսավոր արարողության օրը պատահական չէր ընտրված: 30 տարի առաջ՝ հենց այս օրը, ԼՂԻՄ-ի մարզխորհրդի արտակարգ նստաշրջանը, համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության, դիմել է ադրբեջանական ԽՍՀ, հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին (ԳԽ)՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Խորհրդային Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու համար: Արցախյան շարժման 30-ամյակին և նոր կենտրոնի բացմանը նվիրված միջոցառման հանդիսավոր արարողությունը կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից, որի սաները հանդես եկան երգի, պարի կատարումներով, ինչպես նաև տարազների ցուցադրությամբ, որոնք տրամադրել էր «Տերյան» մշակութային կենտրոնը: Համերգային ծրագրի ընթացքում հանդես եկան նաև հայտնի երգչուհի Գայա Արզումանյանը և երգիչ Տիգրան Կարապետյանը: «Արցախի տուն» կենտրոնի ծնունդը նշանավորվել էր նաև «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից տրամադրված գորգերի ցուցադրությամբ, որոնք զարդարել էին ԵՊՀ գրադարանի ճեմասրահը՝ ապահովելով մշակութային միջավայրը: Միջոցառման ավարտին հանդիսավարներն աջակցության համար շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին, նրա աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանին, ԵՊՀ մշակույթի կենտրոնին, «Տերյան» մշակութային կենտրոնին, «Մեգերյան կարպետ» ընկերությանը և «Մարաշլեան ռետրո ֆոտո ատելիե» ստուդիային: Աղբյուրը՝ [url=http://www.ysu.am/news/hy/Artsakh-center-at-YSU]ysu.am[/url] Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+

Նմանատիպ նյութեր