211652_close_icon
views-count2618 դիտում article-date 10:48 20-02-2018

Շարժման նշանակությունը երեք բառով՝ ազգային բարդույթների հաղթահարում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Մի քանի հոդված գրեցի Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված, և այսօր, քանի որ «օրն է», ուզում եմ թեման ամփոփել: Սկսեմ հեռվից՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից: Հեղափոխականները խրախուսում էին թալանն ու դիակապտությունը, գլխատեցին թագավորին և բոլոր մեղավոր-անմեղ ազնվականներին, որոնք իրենց ձեռքն ընկան, հետո՝ թագուհուն, որը նույնպես, հավանաբար, «խմում էր խեղճ ժողովրդի արյունը», հետո սկսեցին գլխատել իրար: Մի քանի տարի ձգվող այդ արյունալի գործընթացում հերթը հասավ Ժորժ Դանտոնին, որը նույնպես ամենևին հրեշտակ չէր, բայց երբեմն փորձում էր բանականություն դրսևորել: Եվ ահա՝ երբ նրան էին մահապատժի ենթարկում, նա 1794 թվականի մարտի 19-ին Կոնվենտում իր վերջին ելույթում, բացի անհեթեթ մեղադրանքները հերքելուց, ասաց՝ էականն այն է, որ այլևս երբեք չեն գա հին ժամանակները, որ մարդիկ այլևս երբեք չեն համաձայնի այն վիճակի հետ, երբ դասակարգային պատկանելությունը պայմանավորում է իրավունքների տարբերությունը: Ուզում եմ ասել, որ կան հեղափոխությունների և դրանց մասնակիցների մարդկային, ամենևին ոչ հրեշտակային դրսևորումները, և կա այդ իրադարձությունների պատմական նշանակությունը: Իմ կարծիքով՝ 30 տարի առաջ սկիզբ առած Ղարաբաղյան շարժման նշանակությունը կարելի է բնութագրել երեք բառով՝ ազգային բարդույթների հաղթահարում: Խոսքը, ինչպես հասկանում եք, ծեծվածի, ջարդվածի, տառապածի, «բազմաչարչարի» բարդույթի հաղթահարման մասին է: Այդ սերունդը, որը Շարժման կորիզն էր կազմում, ոչ միայն 1915 թվականին ցեղասպանվածների, այլև 1945 թվականին հաղթածների թոռներն էին, մարդիկ, որոնք նորմալ կրթություն էին ստացել և մի քանի տասնամյակ ապրել էին համեմատաբար բարեկեցիկ կյանքով: Շարժման հիմնական գաղափարախոսությունը ձևակերպվել էր Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառումը» հոդվածում, և իմաստը միանգամայն պարզ էր՝ հավատանք սեփական ուժերին, խուսափենք ավանդական «կողմնորոշումային» ծուղակից: Այն, ինչ մեզ հաջողվել է ստեղծել և ձեռք բերել այդ 30 տարում, տեղի է ունեցել այս գծին հետևելու շնորհիվ: Ձախողումները, տապալումները պայմանավորված են, կարծում եմ, այդ գծից շեղվելով: Սովորաբար մարդիկ չեն ուզում օբյեկտիվ գնահատական տալ Շարժմանը և ասում են՝ «բա ինչու չե՞ս ասում, թե ինչ է տեղի ունեցել 1990 թվականից հետո»: Բայց դա բոլորովին այլ թեմա է՝ Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից հետո էլ շատ բան է տեղի ունեցել: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր