211652_close_icon
views-count17135 դիտում article-date 09:23 20-02-2018

Գնդապետ Գրիշա Սարգսյանի շնորհավորական խոսքը՝ Համազգային շարժման 30-ամյակի կապակցությամբ

Գնդապետ Գրիշա Սարգսյանը շնորհավորական խոսք է հղել Համազգային շարժման 30-ամյակի կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, իմ հզոր և խիզախ մարտական ընկերներ: Պատիվ ունեմ ողջունելու և շնորհավորելու ձեզ և ձեր ընտանիքներին՝ մեզ բոլորիս համար թանկ ու նվիրական մի տարեդարձի՝ Համազգային Շարժման 30-ամյակի կապակցությամբ: Նորագույն պատմության հիմքերը սասանած այդ հուժկու Շարժումը, ի պատիվ ձեզ ու մեր մարտական հարյուր հազարավոր քաջակորով մարտիկների, անթիվ ու անհամար հերոսական իրադարձություններով լի մի նոր էջ բացեց մեր ազատատենչ ժողովրդի համար, և մենք ձեռք բերեցինք բաղձալի անկախությունը: Այո, 1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին: Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը: Փառք ու պատիվ և հավերժ հիշատակ մեր զոհված քաջորդիներին, ես գլուխ եմ խոնարհում Շարժման օրերից ի վեր՝ ներառյալ նաև ապրիլյան քառօրյա պատերազմը, մեր Հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հերոս տղաների շիրիմներին: Ուզում եմ առանձնակի հարգանքով, հպարտությամբ ու մեծարանքով հիշենք Արցախյան ազատամարտի տարիներին անարգ թշնամուն մեր տարածքներից վռնդած և Հայրենիքի սահմանների անառիկության համար առաջինը ոտքի կանգնած մեր առաջամարտիկներին` Հայաստանի միլիցիայի այն տասնյակ հարյուրավոր ծառայողներին` միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների մարտիկներին, որոնք ճակատագրի բերումով մասնակիցը եղան բազում փորձությունների` տխրահռչակ ԿՈԼՑՈ օպերացիա և այլն, և որոնց հիմքի վրա հետագայում ստեղծվեց և կայացավ հայոց կանոնավոր բանակը: Սիրելի հայրենակիցներ, ես գիտեմ, որ այս երեք տասնամյակների ընթացքում տեղի ունեցան նաև բազմաթիվ անարդարություններ, գիտեմ, որ սոցիալ-կենցաղային անասելի ծանր պայմաններում են ապրում իմ հարյուրավոր մարտական ընկերները, և հաղթանակի ու գովաբանության դափնիները շատ հաճախ վայելում են անարժանները: Մինչդեռ այդ ամենի լիիրավ տերերը, որոնց հետ ես մարտական ուղի եմ անցել, այսօր հանիրավի անտեսվում և մեկուսացվում են, և մեր կյանքի շատ ու շատ բնագավառներում գլուխ է բարձրացրել անարդարությունը։ Այս ամենը բոլորիս պարզ ու տեսանելի է, իմ սիրելի ու նվիրական մարտական ընկերներ, և այսօր ես ապավինում եմ ձեր բոլորի իմաստնությանը և համբերությանը։ Այսպես շարունակվել չի կարող և շուտով գալու է ճշմարտությունը ասելու ժամանակը: Ես, կարծում եմ նաև ձեզանից շատերը, ակնկալում եմ, որ այդ կարևորագույն հարցերը առաջ կքաշվեն բոլորիս համար անչափ կարևոր առաջիկա ժամանակահատվածում, երբ մեր երկիրը անցում է կատարում կառավարման նոր համակարգին: Մենք հույս ու հավատով սպասում և ակնկալում ենք, որ մոտ առաջիկայում Հայաստանում ամբողջովին կփոխվի բարոյական մթնոլորտը և անցյալի գիրկը կանցնեն մեր միասնականությունը ջլատող բազմաթիվ բացասական երևույթները: Նորից ու նորից շնորհավորում եմ բոլորիդ՝ Շարժման 30-ամյակի կապակցությամբ և ուզում եմ հավաստիացնել, որ սերունդների հերթափոխն այսօր հուսալի ձեռքերում է և մեզ փոխարինելու են եկել մեզ արժանի առյուծասիրտ տղաներ, ովքեր գիշեր ու զօր պաշտպանում են մեր Հայրենիքի սահմանները և հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալիս նենգ և դավադիր հակառակորդին: Այդպես եղավ 2016-ի ապրիլյան քառօրյայի ընթացքում, այդպես կլինի միշտ...»։

Նմանատիպ նյութեր