211652_close_icon
views-count21170 դիտում article-date 22:55 19-02-2018

ԵՊՀ ճաշարանների գնային քաղաքականությունը կվերանայվի. ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է ուսանողների հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողական կառույցների ղեկավարների և համալսարանական ավագների խորհրդի անդամների հետ: Ուսանողները մի շարք խնդիրների մասին են բարձրաձայնել, որոնցից առաջինը վերաբերում էր ԵՊՀ ճաշարաններին: Ավագների խորհրդի համակարգող Գոհար Ավագյանի խոսքով, ճաշարանների խնդիրը երեք ասպեկտ ունի՝ գին, որակ, տարածք: Չկարողանալով սնվել ԵՊՀ տարածքում՝ ուսանողներն ի վերջո ուշանում են դասից: Ռեկտոր Ա.Սիմոնյանը պատասխանեց, որ ԵՊՀ տարածքում ճաշարանների աշխատանքը կազմակերպում են մրցույթով ընտրված կազմակերպությունները, որոնք, բնականաբար, նախ և առաջ իրենց շահույթի մասին են մտածում: Ի տարբերություն պետական մարմինների ճաշարանների, համալսարանը, ցավոք, չունի այնպիսի միջոցներ, որ դոտացիաներ տրամադրի իր ճաշարաններին: Փոխարենը ԵՊՀ-ն, սննդի կազմակերպման մեջ տարբեր կազմակերպությունների ներգրավելով, միշտ աշխատում է ներքին մրցակցության միջոցով վերահսկել սննդի գները: Ա.Սիմոնյանի հրավերով, ուսանողների հետ հանդիպմանը հրավիրվեցին ճաշարանների տնօրենները; Դիմելով նրանց՝ ռեկտորը նշեց, որ իր կարծիքով, այս քաղաքականությունը վնասում է հենց բիզնեսին, քանի որ ավելի լավ է ավելի էժան վաճառել սնունդը, քան սովորեցնել ուսանողներին օգտվել դրսի ճաշարաններից, ապա հավելեց, որ խստորեն հանձնարարում է՝ պահելով սննդի որակը՝ հնարավորինս իջեցնել գները: Տնօրենները խոստացան կատարել հանձնարարականը: Հանդիպումը շարունակվեց առանց տնօրենների: Քննարկվեց համալսարանում բացօթյա, գուցե նաև շրջիկ սննդի կետերի բացման հնարավորությունը: Ուսանողները բարձրացրին զուգարանների հարցը: Ա. Սիմոնյանը նշեց, որ վերջին տարիներին վերանորոգվել է մոտ 100 զուգարան, առաջիկայում ավելանալու են նորերը: Ռեկտորի խոսքով, ինքը շատ ուրախ է, որ ուսանողները ԵՊՀ-ից հիգիենայի միջոցներն են պահանջում, քանի որ դա վկայում է կուլտուրայի զարգացման մասին: Ա. Սիմոնյանի խոսքով, պահանջը շատ տեղին է, եթե իհարկե, նրա հետևում քաղաքական շահարկում չկա թաքնված: Քննարկվեցին մի շարք այլ հարցեր՝ լրացուցիչ բուժկետեր բացելու, բարեգործական համահամալսարանական գործունեությունը համակարգելու, ծխելու դեմ պայքարի և այլնի վերաբերյալ: Որոշվեց, որ նմանատիպ հանդիպումները պետք է լինեն պարբերական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր