211652_close_icon
views-count3201 դիտում article-date 18:49 19-02-2018

Երիտասարդ թաեքվոնդոյիստներին իրար հաջորդող երկու կարևոր մեկնարկ է սպասվում

Փետրվարի 24-25-ն Էջմիածնում կկայանա երիտասարդների Հայաստանի առաջնությունը, իսկ մեկ շաբաթ անց նույն վայրում տատամի կմտնեն ուժեղագույն մեծահասակ թաեքվոնդոյիստները: Վաղ ժամկետները պայմանավորված են կարևոր միջազգային մրցաշարերի ժամանակացույցով: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանն ասաց, որ պետք է հասցնեն ձևավորել հավաքական թիմերը և կազմակերպել մարզական գործընթացը: «Երիտասարդներին (մինչև 17 տարեկաններ) սպասվում է Թունիսում կայանալիք աշխարհի առաջնությունը (ապրիլի 6-8), իսկ դրանից մի քանի օր անց նույն վայրում կմեկնարկի վարկանիշային մրցաշար, որտեղ կխաղարկվեն Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Թունիս կմեկնենք ապրիլի 4-ին: Օլիմպիական վարկանիշ նվաճելու համար պետք է անցնել ընտրական մրցաշարի 1/8 եզրափակիչ: Աշխարհի առաջնությունում տասը քաշային կարգ կլինի, վարկանիշային մրցաշարում՝ հինգ: Յուրաքանչյուր երկիր առավելագույնը 3 օլիմպիական ուղեգրի իրավունք ունի: Անպայման նախատեսում ենք մարզիկներ ներկայացնել 63 և 68 կգ քաշային կարգերում, իսկ Հայաստանի առաջնության արդյունքներով կորոշենք երրորդ քաշը: Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների վերջնական քանակը կորոշի ազգային ֆեդերացիան: Լավ մարզիկներ ունենք, օրինակ 2017 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ Ռոման Հայրապետովը և Անդրանիկ Խաչատրյանը: Այնպես որ, հիմնավոր հույսեր ունենք: Մեծահասակների Եվրոպայի առաջությունը տեղի կունենա Կազանում (ՌԴ) մայիսի 7-13-ը: Մեր մարզաձևում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները հերթով են անցկացվում՝ մեկ տարվա հաջորդականությամբ: Այստեղ ևս կպայքարենք մեդալների համար: Ունենք փորձառու մարզիկներ՝ Սերգեյ Վարդազարյանը, Սերգեյ Ավանեսովը և այլք: Հեռանկարային երիտասարդներ ևս ի հայտ են եկել»,- եզրափակեց Վարդան Ղահրամանյանը:

Նմանատիպ նյութեր