211652_close_icon
views-count3986 դիտում article-date 16:52 19-02-2018

Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշակել նաև ներդրումային ծրագրեր՝ ըստ վարչական շրջանների

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների շրջանակում կայացել է մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանը և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը նվիրված խորհրդակցություն, որի ընթացքում վարչական շրջանների պատասխանատուներին բաժանվել են համապատասխան ուղեցույցները, որոնցում հնարավորին մատչելի ներկայացված են քաղաքաշինական տարբեր փաստաթղթեր ստանալու ընթացակարգերը: Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի մոտ կայացած խոհրդակցությանն էլ, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2018թ. միջոցառումների ծրագրի նախագիծը, քաղաքապետարանի կողմից ներկայացվել է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, հստակեցվել է նաև 2018թ. ծրագիրը: Կարևորելով գործարար միջավայրի բարելավման համար վերոնշյալ գործընթացի հեշտացումը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այդ նպատակին կարելի է հասնել միայն ոլորտի պատասխանատուների ամենօրյա հետևողական աշխատանքի շնորհիվ: Երևանի քաղաքապետը նաև հանձնարարել է գործընթացում ներգրավել համապատասխան շինարարական կազմակերպությունների պատասխանատուներին և ներդրողներին: Աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությանն էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է երկարաժամկետ ներդրումային նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը զուգահեռ, վարչական շրջանների հետ միասին, ներդրումային ծրագրեր մշակել նաև ըստ վարչական շրջանների: «Ակտիվացրեք ներդրողների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը և ըստ վարչական շրջանների նույնպես կազմեք ներդրումային ծրագրեր: Մենք հստակ պետք է իմանանք, թե ո՞ր վարչական շրջանում ներդրումային ինչպիսի՞ հնարավորություններ կան, որպեզի ներդրողներին և շահագրգիռ անձանց ուղղորդենք դեպի վարչական շրջաններ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր և առաջարկներ: Օգտագործեք նաև հնարավոր բոլոր հարթակները` այդ ծրագրերը ևս շահագրգիռ կազմակերպություններին պատշաճ ներկայացնելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր