211652_close_icon
views-count4987 դիտում article-date 16:26 19-02-2018

Միայն Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը բավարար չէ կայունություն ապահովելու համար. Արցախի ԱԳ նախարար

Այսօր՝ փետրվարի 19-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանի՝ 2017 թվականին գերատեսչության կողմից կատարված աշխատնքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը: Խոսելով 2017 թվականի արդյունքների մասին՝ Մասիս Մաիլյանն ասել է, որ նախարարության անցած տարում հիմնական առաջնահերթությունները եղել են ԱՀ միջազգային ճանաչումը և ապակենտրոնացված համագործակցությունն արտերկրի գործընկերների հետ, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: «2017 թ. ԱԳՆ-ի կողմից նպատակաուղղված աշխատանքներ են կատարվել միջազգային ճանաչման ուղղությամբ, և այդ ոլորոտում փորձել ենք եղած կապերը ընդլայնել ու խորացնել: Վերջին տարիներին դրական միտում կա Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, մասնավորապես՝ 2017 թ. Միացյալ նահանգների Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ դառնալով 8-րդ ԱՄՆ նահանգը, որը նմանատիպ բանաձև է ընդունել: Այդ որոշումն ընդունվել է սենատի մակարդակով: Արդն դեկտեմբեր ամսին Ավստրալիայի Կանաչների կուսակցությունը որոշում է ընդունել և ներառել է Արցախի ճանաչումը՝ իրենց քաղաքական ծրագրերի մաս դարձնելով: Այն ունենալու է նաև իր շարունակությունը՝ հաշվի առնելով, որ Կանաչների կուսակցությունն իրենց ներկայությունն ունեն Ավստրալիայի խորհրդարանում»,- նշել է Մ. Մաիլյանը՝ ավելացնելով, որ շարունակվել է նաև ապակենտրոնացված համագործակցության շրջանակների ընդլայնումը: Մասնավորապես՝ 2017 թ. ֆրանսիական Դեսին և Շարպիո ու Արցախի Ճարտար քաղաքների միջև կնքվել են համագործակցության հռչակագրեր: Նմանատիպ հռչակագիր ստորագրվել է նաև Արցախի Բերձոր և ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքների միջև: Ալֆորվիլ քաղաքում ստորագրումը տեղի է ունեցել ԱՀ պատվիրակության ներկայությամբ, որը ղեկավարում էր Նախագահ Բակո Սահակյանը: Ալֆորվիլը 10-րդ ֆրանսիական քաղաքն է, որն ունի բարեկամության հռչակագիր Արցախի քաղաքների հետ: Մ. Մաիլյանի խոսքով՝ 2018-ին ևս նախնական պայմանավորվածություններ կան՝ նմանատիպ փաստաթղթեր ստորագրելու վերաբերյալ: «2017 թ.-ի աշնանն ԱՀ Նախագահի կողմից ղեկավարած պատվիրակությունն այցելել է նաև Բելգիայի Թագավորություն:Այցի շրջանակներում ստորագրվել և ընդունվել են փաստաթղթեր, ինչպես նաև Ֆլամանդական խորհրդարանում ստեղծվել է Արցախի հետ բարեկամության խումբ, իսկ Բրյուսելի Վալոնական խորհրդարանում հռչակագիր է ընդունվել այն մասին, որ այնտեղ ստեղծվում է Արցախի հետ բարեկամության շրջանակ: Համանման խումբ ստեղծվել է նաև Արցախում, ու այդ երկու խմբերը կապի մեջ են և գործնական բնույթի հարցեր են լուծում: 2017-ին ԱԳՆ-ն ջանքեր է գործադրել ունեցած կապերի խորացմանը՝ փորձելով ընդլայնել աշխարհագրությունն այդ համագործակցության, մասնավորապես անցած տարի առաջին անգամ Արցախ է ժամանել պատվիրակություններ Մեքսիկայի, Բոլիվիայի խորհրդարաններից, ինչպես նաև Պորտուգալիայից: Տարվա ընթացքում ընդլայնվել է համագործակցության շրջանակը ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բասկերի երկրում, Բելգիայում և Ավստրիայում գործող տարբեր կառույցների հետ և շարունակվել են ավանդական կապերը Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի Հանրապետության հետ: Մ. Մաիլյանը կարևորել է, որ ընթացիկ տարում առկա կապերին գործնական բնույթ հաղորդվի: «Ճանաչելն առաջին փուլն է: Իսկ երկրորդ փուլը պետք է լինի գործնական հարաբերություններ և ինստիտուցիոնալ համագործակցություն այն սուբյեկտների հետ, որոնք մեզ ճանաչել են, և այս ուղղությամբ մենք արձանագրել ենք որոշակի ուղղություններ: Մասնավորապես՝ հարկ է նշել Կալիֆոռնիա նահանգի հետ մեր հարաբերությունները, որն ունի հզոր տնտեսություն: Անցած տարի Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանից պատվիրակություն ենք ընդունել արտաքին գործերի նախարարությունում: Պատվիրակությունը շփումներ է ունեցել նաև հանրապետության նախագահի, պետնախարարի, ինչպես նաև տարբեր պաշտոնատար անձանց հետ: Փորձել ենք քննարկել, թե ինչ ուղղություններով կարող ենք աշխատել, և գործնականում ինչպիսին է լինելու համագործակցությունը: Հանդիպման վերջում մենք ստացել ենք համագործակցության ուղղությունների ցուցակ, և մեկ ամիս անց ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Կալիֆոռնիա, որտեղ էլ շփումները շարունակվել են»,- ասել է Մ. Մաիլյանը՝ ավելացնելով, որ ներկայումս արդեն կոնկրետ ուղղություններով զարգացումներ կան: Անդրադառնալով Սփյուռքի հետ համագործակցությանը՝ նախարարը նշել է, որ այս ընթացքում գերատեսչությունն ակտիվ աշխատել է հայկական լոբբիստական կառույցների հետ և այն հաջողությունները, որոնք արձանագրվել են այս ընթացքում, սփյուռքի կառույցները ունեն իրենց գերակշիռ մասնակցությունը: «Օրինակ՝ Հայ Դատի գրասենյակը, Ամերիկայի հայկական համագումարը, Հայ Բարեգործական Ընդհանուր միությունը, Հայաստանի Եվրոպացի բարեկամներ կառույցը: Նրանց հետ միասին այս տարվա ընթացքում մենք տարաբնույթ միջոցառումներ ենք պլանավորում և մի քանիսն ընթացքի մեջ են: Այս կառույցները շատ են օգնում մեր նպատակների իրագործման համար»,- ասել է Մ. Մաիլյանը՝ ավելացնելով, որ 2017 թ.-ին մեկնարկել է «Արցախի օրերը Ֆրանսիայում», որը Արցախին նվիրված տարաբնույթ միջոցառումների շարք է և շարունակվելու է մինչև 2018 թ. աշունը:

Նմանատիպ նյութեր