211652_close_icon
views-count9062 դիտում article-date 16:13 19-02-2018

Հայկական պատվիրակությունը մասնակցում է Հնդկաստանում մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովին

Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում փետրվարի 19-ին պաշտոնապես մեկնարկել է ՏՏ համաշխարհային համաժողովը («WCIT 2018»-ը): Համաժողովին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ղեկավար կազմի գլխավորությամբ։ Հայկական կողմից կազմակերպվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը ողջունել է բոլոր ներկաներին և հրավիրել Հայաստան` «WCIT 2019»-ին մասնակցելու։ Նախատեսվում է, որ համաժողովի ավարտին Հայաստանը կվերցնի էստաֆետը` 2019 թ.-ին «WCIT»-ը մեր երկրում անցկացնելու համար։ ԻՏՁ միության նախագահ Ալեքսանդր Եսայանը «WCIT»-ի կազմակերպիչ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից ընտրվել է «WITSA» Տնօրենների խորհրդի անդամ: Նա ներկայացրել է նաև Հայաստանում անցկացվելիք «WCIT 2019»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: Արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2019 թ.-ին Մալայզիայից Հայաստան է ժամանելու մեծ պատվիրակություն, որպեսզի Հայաստանից հանդիսավոր վերցնեն «WCIT 2020»-ի էստաֆետը: Համագործակցության եզրեր են ձևավորվել նաև ASOCIO-ի (The Asian-Oceanian Computing Industry Organization) հետ, որը Ճապոնիայում հիմնադրված կազմակերպություն է և ներառում է ՏՀՏ ու բիզնես ոլորտի 24 երկրների կազմակերպություններ: 2019 թ.-ին վերջիններս նույնպես կժամանեն Հայաստան: ԻՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի և Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի` հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։

Նմանատիպ նյութեր