211652_close_icon
views-count3694 դիտում article-date 20:13 17-02-2018

Արտգործնախարար Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարարին. ՖՈՏՈՇԱՐՔ

Փետրվարի 17-ին Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոին: Ողջունելով ճապոնացի գործընկերոջը` նախարար Նալբանդյանը նշեց, որ այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած է եղել ճապոնական օրակարգով՝ ստորագրվեց ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, Երևանում էր գտնվում Ճապոնիայի փոխարտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը խորհրդանշական համարեց, որ այս «ճապոնական շաբաթը» եզրափակվում է Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարների հանդիպումով։ Զրուցակիցներն ընդգծեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում հայ-ճապոնական կապերը դինամիկ զարգացել են` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ։ Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն գոհունակությամբ արձանագրեցին, որ Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք հաղորդեց տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը։ Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն ընգծեցին երկկողմ հաճախակի շփումների ու փոխայցելությունների անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարևորեցին ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը։ Նախարարները համակարծիք էին, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար։ Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ: Տարո Կոնոն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Կորեական թերակղզում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Ճապոնիայի մոտեցումների մասին։ Նախարար Նալբանդյանը Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր