211652_close_icon
views-count3808 դիտում article-date 10:23 17-02-2018

Ծայրահեղ նիհիլիզմը, քաղաքացիական գիտակցության բացակայությունը ժողովրդի մեղքը չի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «1996 թվականի սեպտեմբերի 25-ին ԱԺՄ-ականներն առաջնորդեցին ընտրությունների արդյունքներից դժգոհ ամբոխը դեպի խորհրդարան, և արդյունքում ծեծի ենթարկվեցին ԱԺ նախագահն ու փոխնախագահը: Հաջորդ օրը իշխող կուսակցության պատգամավորները, ակնհայտորեն «աչոկ հավաքելու» նկատառումներոով, ուղիղ եթերում ծեծեցին իրենց ընդդիմադիր գործընկերներին խորհրդարանի նիստի ժամանակ: Հետագա օրերին մարդիկ, տեսնելով ինձ փողոցում, զրույցի էին բռնվում՝ «տեսա՞ր, ինչ արին էդ ՀՀՇ-ականները, բա կարելի՞ է նիստի ժամանակ դեպուտատներին ծեծել»: Թե ինչ էր դրան նախորդել, ոչ մեկին առանձնապես չէր հետաքրքրում: Ճիշտ է, «ապստամբության իրավունքի» մասին այն ժամանակ դեռ չէր խոսվում, բայց խորհրդարանի ղեկավարներին ծեծելը համարվում էր միանգամայն բնականոն: Ճիշտ նույն ձևով 1990 թվականին կոմունիստական Գերագույն խորհրդի ղեկավար Հրանտ Ոսկանյանի գլուխը ջարդելը նույն ՀՀՇ-ականներն ու նրանց համակիրներն էին համարում բնականոն: Հիշում եմ՝ երբ այն ժամանակ ես մի կնոջ ուզում էի համոզել, թե գլուխ ջարդելը լավ բան չի, նա անկեղծորեն զայրացավ՝ «ի՞նչ Ոսկանյան, Ոսկան-օղլո՛ւ, սրանք բոլորը թո՛ւրք են», և սկսեց ինձ կասկածել կոմունիստներին համակրելու մեջ: Հայաստանում իշխանության նկատմամբ լայն զանգվածների վերաբերմունքը, այսպես ասենք, ունի իր յուրահատկությունները: Որքան ինձ հիշում եմ (մոտավորապես 1970-ականների սկզբից), դա այդպես է: Եվ այսպես, ՀՀՇ-ականները և նրանց համակիրները հիշում են 1996 թվականի սեպտեմբերի 25-ը, ԱԺՄ-ականները և նրանց հետ միասին ժողովրդական լայն զանգվածները հիշում են սեպտեմբերի 26-ը: Իսկ ով հիշում ու դատապարտում է թե՛ մեկը, թե՛ մյուսը, նրանք երկու կողմի համար էլ ամենավատ անձնավորություններն են` «համ նալին են խփում, համ մեխին»: Նույնը կարելի է ասել մեր նորագույն պատմութան գրեթե բոլոր իրադարձությունների մասին, ընդհուպ մինչև ՊՊԾ գնդի զինված գրավումը կամ թեկուզ ավագանու նիստում տեղի ունեցած վերջին միջադեպը: Կա իրադարձության երկու տիպի մեկնություն՝ պոպուլիստական և պաշտոնական՝ երկուսն էլ հեռու են իրականությունից, երկուսն էլ պետք է բաժանել երկուսի, իսկ այնուհետև երկու կեսերը միացնել իրար: Ծայրահեղ նիհիլիզմը, քաղաքացիական գիտակցության իսպառ բացակայությունը ժողովրդի մեղքը չի՝ դա քաղաքական և մտավոր վերնախավի մեղքն է՝ վերնախավի, որն առաջնորդվում է ոչ թե սկզբունքներով (օրինակ` ցանկացած բռնության մերժմամբ), այլ նպատակահարմարությամբ՝ մերթ հաճոյանալ ժողովրդին, մերթ ներփակվել պաշտոնական անհաղորդ, կյանքից կտրված «ամրոցի» մեջ: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր