211652_close_icon
views-count3513 դիտում article-date 22:38 16-02-2018

Լույս է տեսել մերօրյա հերոսների սխրանքի պատմություններն ամփոփող «Ապրելու բանաձևի» 11-րդ հատորը

Այսօր՝ փետրվարի 16-ի,ն տեղի ունեցավ ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մատիկյանի «Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորի շնորհանդեսը: «Ապրելու բանաձևը» Արցախյան պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանելիս զոհված տղաների կյանքի պատմությունն է։ Գրքի 11-րդ հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված արցախցի հերոսներին, ինչպես նաև՝ Արցախի պատերազմում նահատակված Կապանի տարածաշրջանի մարտիկներին։ Միջոցառմանը ներկա էին զոհված հերոսների հարազատներ։ «Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորը (ինչպես և նախորդ 3 հատորները) կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում: Գոհար Մարտիկյանը նշում է, որ ամեն անգամ երբ ներկայացնում է հերթական հատորը, ասում է, թե դա իր ամենանվիրական հատորն է։ «Այս 11 հատորներում յուրաքանչյուր հերոսի պատմություն առանձնահատուկ է, առանձնահատուկ է նաև ամեն մի հատոր։ Այդ տխուր, բայց և հերոսական պատմությունը կերտելիս, թող զարմանալի չթվա, ես երջանկության զգացում եմ ապրում։ Երջանկության զգացում եմ ապրում այն պատճառով, որ տեսնում եմ՝ այս հատորներում հայի տեսակն է պահպանվում։ Այս էջերում զետեղված հերոսները առանձին-առանձին յուրօրինակ կերպարներ են` իրենց մեծ սխրանքներով»,- նշեց տիկին Մարտիկյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր երախտագիտությունը հայտնեց Գոհար Մարտիկյանին այս շնորհակալ աշխատանքի՝ «Ապրելու բանաձևի» 11 հատորների համար։ «Ուրիշի վիշտը կիսել կարողանալը պարզապես հերոսություն է։ Ես ցանկանում եմ, որպեսզի «Ապրելու բանաձևում» հետագայում տեղ գտնեն մարդիկ, որոնք հերոսանում են կենդանության օրոք և շարունակում են մեր կողքին ապրել։ Մենք շատ ենք խոսում ռազմահայրենասիրական դաստիարակության մասին։ Մեր պատանիներն ու երիտասարդները ռազմահայրենասիրական դաստիարակություն ստանում են ընտանիքում, դպրոցում, բուհում, այն միջավայրում, որտեղ ապրում են։ «Ապրելու բանաձևը» նույնպես մեծ դեր ունի այդ գործում»,- իր խոսքում ասաց պարոն Ավագյանը։ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը նկատեց, որ այսօր մեր հերոսների մասին գրվող յուրաքանչյուր գիրք, ֆիլմ կամ երգ յուրատեսակ հուշարձան է, որ հավերժացնում է նրանց գոյությունը: «Այդ հավերժացումը պետք է մեզ՝ պատմության դասերը չմոռանալու համար: Այդ խոսող հուշարձաններն անհրաժեշտ են նորահաս սերնդին, որը նույնպես ժառանգելու է իր ազգի պատմությունն ու ճակատագիրը: Այս հիշողությունները ներարկում են հպարտություն, որ հայ ենք»,- ասաց Գայանե Մանուկյանը։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր