211652_close_icon
views-count3482 դիտում article-date 15:03 16-02-2018

Քրեական գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեի ծառայողին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել: Ասպես, Ռաֆիկ Կարապետյանը 27.10.2017թ.-ին վարույթ է ընդունել Երևանում գործող «Մոսքոու» դիսկո ակումբում 16.10.2017թ.-ին մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում միջադեպի մանակիցները` Հ. Ա.-ն, Ա. Փ.-ն և Ս. Ի.-ն հարցաքննվել են որպես վկաներ և ցուցմունքներ տվել նշված ակումբում իրենց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ հայհոյանքներ տալու և միմյանց հարվածներ հասցնելու մասին: Քննիչ Ռ. Կարապետյանը, գիտակցելով, որ նման պայմաններում վերը նշված երեք անձանց արարքները ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով, ցանկացել է կարճել քրեական գործի վարույթը և խուսափել վերջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելուց: Այդ նպատակով վկաներից Ս. Ի.-ին հայտնել է, որ եթե վերջինս փոխի իր նախկին ցուցմունքը` հերքի վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու և փոխադարձ հարվածներ հասցնելու հանգամանքները, ապա այդ դեպքում կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից: Միաժամանակ քննիչը Ս. Ի.-ին հավաստիացրել է, որ վիճաբանության մյուս կողմը նույնպես փոխելու է ցուցմունքները: Ստանալով Ս. Ի.-ի համաձայնությունը` Ռ. Կարապետյանը վերջինիս անվամբ լրացրել է քրեական գործով ապացույց հանդիսացող` լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություն, որում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որ Ս. Ի.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դեպքի հանգամանքները ճիշտ չի ընկալել և, իբր, վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել: Ս. Ի.-ն իր ստորագրությամբ և ձեռագիր գրառմամբ հաստատել է ցուցմունքների իսկությունը: Այնուհետև, շարունակելով ապացույցներ կեղծելու ճանապարհով հիշյալ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելուն միտված իր գործողությունները` քննիչ Ռ. Կարապետյանը վիճաբանության մյուս կողմին` Հ. Ա.-ին և Ա. Փ.-ին ներկայացրել է, որ Ս. Ի.-ն արդեն փոխել է իր ցուցմունքը` հերքելով վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու և միմյանց հարվածելու հանգամանքները և առաջարկել է, որ վերջիններս էլ նույնաբովանդակ ցուցմունքներ տան: Հ. Ա.-ն և Ա. Փ.-ն իրենց ստորագրություններով և ձեռագիր գրառումներով հաստատել են կեղծ ցուցմունքների իսկությունը: Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքը կատարելու` քրեական գործով ապացույցներ կեղծելու համար քննիչ Ռաֆիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր