211652_close_icon
views-count3820 դիտում article-date 12:00 16-02-2018

Հայ համայնքը պետք է Պոլսո պատրիարքի ընտրություններ անցկացնի առանց որևէ միջամտության. Գարո Փայլան

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության շուրջ առաջացած ճգնաժամի միակ լուծումն արդար քվեարկության կազմակերպումն ու այդ ճանապարհով 85-րդ պատրիարքի ընտրությունն է: Այս մասին ասել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով կոչ արեց տեղի հայ համայնքին ամենևին չհուսահատվել և չընդունել այն, ինչ պարտադրվում է: -Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունների գործընթացը Ստամբուլի նահանգապետարանի նամակով կրկին փակուղի մտավ: Պետությունը միջամտեց հայկական եկեղեցու գործերին: Ինչպե՞ս եք տեսնում այս գործընթացի լուծումը: - Ժողովրդավարական կառույցներում ճգնաժամերը լուծվում են ժողովրդավարական ընտրությունների, քվեարկության միջոցով: Այս ճգնաժամի պարագայում էլ լուծումն անկասկած քվեարկությունն է: Հայկական համայնքը պետք է կարողանա պատրիարքի ընտրություններ կազմակերպել առանց որևէ միջամտության: Եվ բոլորը պետք է հարգեն այն արդյունքը, որը դուրս կգա քվեատուփից: - Պատրիարքական ընտրությունների գործընթացի՝ այս վիճակին հասնելու գործում տեսնո՞ւմ եք պատրիարքական փոխանորդի պաշտոնում մնացող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի մեղավորությունը: - Իհարկե: Նա առաջնորդվել է ոչ թե հայկական համայնքի, այլ սեփական շահերով: Անազնիվ համագործակցության մեջ է մտել պետության ներսում գտնվող մի խմբի հետ, որի նպատակը հայկական համայնքի գլխին հարկադիր կատարողի նշանակելն էր: Այդպիսով աչք է փակել համայնքի շահերի վրա՝ միևնույն ժամանակ անտեսելով եկեղեցական ավանդույթները: - Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակում գրել էր, որ այս իրադրությունը կարող է հայկական համայնքի պառակտման պատճառ դառնալ: Կիսո՞ւմ եք Սրբազանի մտքերը: -Միանշանակ համաձայն եմ: Թուրքիայի ներսում քաոս է տիրում, որը, բնականաբար, ազդում է նաև հայկական համայնքի վրա: Հայկական համայնքի ապագայի նկատմամբ մտահոգ այս ժամանակաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները մասնատում են մեր կառույցները: - Ի՞նչ կոչ կանեք Ստամբուլի հայ համայնքին: -Կոչ եմ անում, որ բացարձակապես չհուսահատվեն և չընդունեն այն, ինչ պարտադրվում է: Որպես հայ համայնք՝ պետք է կենտրոնանանք այն ընտրությունների վրա, որի իրավունքն ունենք՝ հանուն հոգևոր և աշխարհիկ կյանքում առկա քաոսի վերացման: Պետք է նպատակ ունենանք հասնելու հոգևոր և աշխարհիկ առումներով ճիշտ կառավարվող, հզոր համայնքի: Բոլոր հարթակներով կրկնում եմ, որ այդ նպատակը բխում է նաև Թուրքիայի շահերից: Շարունակելու եմ այս ուղղությամբ ջանքեր գործադրել: Կոչ եմ անում ցանկացածին, ով պատասխանատու է իրեն զգում այս հարցում, սեփական շահերը մի կողմ դնելով՝ միանա այդ ջանքերին:

Նմանատիպ նյութեր