211652_close_icon
views-count2509 դիտում article-date 21:14 15-02-2018

Ինչպես անենք, որ Հայաստանը դարձնենք լույսի օջախ. Գրեգ Սարկիսյան

Փետրվարի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ցեղասպանության և մարդու իրավունքների ուսումնասիրության «Զորյան» ինստիտուտի նախագահ Գրեգ Սարկիսյանին և ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետ, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Եգանյանին: Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց «Զորյան» ինստիտուտի կատարած գիտակրթական աշխատանքները, բազմազան հրատարակությունները, որոնք վկայում են Ինստիտուտի մեծ ներուժի մասին: Նա առանձնակի կարևորեց հայապահպանության, հայ ինքնության և արևմտահայերենի պահպանմանն ուղղված նրանց ջանքեր: Գրեգ Սարկիսյանը անդրադարձավ Սփյուռքի հայկական դպրոցների հիմնախնդիրներին, գիտականորեն հիմնավորեց աշակերտների թվի նվազման, դպրոցների փակման և արևմտահայերենի կրողների նվազման, այլ կրթական խնդիրների պատճառահետևանքային կապերը, տարբեր տարածաշրջանների և Սփյուռքի տարբեր շերտերի վարքագծի, հայապահպանության վերաբերյալ դիրքորոշումների միջև զուգահեռներ տարավ և կարևորեց բարոյահոգեբանական մթնոլորտը, որը ուղղորդող է դառնում լեզվի և ինքնության պահպանման գործընթացում: Նա նշեց, որ լեզվի պահպանությունը հայության համար գոյաբանական խնդիր է, և պետք է համալիր մոտեցում ցուցաբերվի Հայոց պետության և սփյուռքյան այն կառույցների կողմից, որոնք զբաղվում են կրթական և, մասնավորապես լեզվի պահպանության խնդիրներով: Սփյուռքահայ գիտնականը նշեց, որ պետք է փոխվի Սփյուռքի հայկական դպրոցների մոդելը, մեթոդաբանությունն ու առողջ ստեղծարար միջավայր ձևավորվի, որպեսզի երեխան ապրի և խաղա հայերենով: «Չափազանց կարևոր է, որ հայկական դպրոցները կապվեն միմյանց հետ, հայրենիքի հետ: Առանց հայրենիքի չի կարող Սփյուռք լինել, և ինչ պետք է անենք, որ Հայաստանը դարձնենք լույսի օջախ»: Քննարկվեց Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ մշակված՝ արևմտահայերենի պահպանման ու զարգացման ռազմավարությանն առնչվող հարցեր: Ամփոփելով քննարկումը՝ նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ արևմտահայերենի պահպանմանն ու տարածմանն ուղղված այն աշխատանքներին ու ծրագրերին, որոնք հայական շահագրգիռ կառույցների հետ համատեղ իրականացվում են: Նա կարևորեց Հայաստանի և Սփյուռքի ողջ գիտական, մանկավարժական կազմակերպչական ներուժի համախմբումը՝ լուծելու Սփյուռքի հայկական դպրոցների առջև ծառացած խնդիրները և մշակելու ու իրականացնելու որոշակի համալիր ծրագիր՝ ուղղված արևմտահայերենի անաղարտության պահպանմանը, ստեղծելու միասնական դասագրքեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր