211652_close_icon
views-count2982 դիտում article-date 20:26 15-02-2018

Տարոն Մարգարյան. «Երևանի զարգացման հնգամյա ծրագրով մենք մեր առջև հստակ խնդիր ենք դրել. ամբողջությամբ ավարտել նաև մանկապարտեզների հիմնանորոգման ու նորոգման ծրագիրը»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ձեռքբերումները, ինչպես նաև՝ 2018թ. նախատեսված ծրագրերը: Խոսելով նախորդ տարի կատարած աշխատանքների մասին` Արմեն Ուլիխանյանը նշել է, որ 2017թ. ընթացքում ամբողջությամբ ավարտվել են համայնքային ենթակայության մշակութային և մարզական օջախների հիմնանորոգման աշխատանքները, ինչի արդյունքում այսօր տվյալ հաստատություններ հաճախող երեխաների թվի շուրջ 40 տոկոս աճ է արձանագրվել: Քաղաքապետարանի տարեկան ծրագրով նոր ու ժամանակակից պայմաններ են ապահովվել Երևանի կենդանաբանական այգում, որը վարչական շրջանի հանգստի լավագույն գոտիներից մեկն է: Նախորդ տարի Նոր Նորք վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել նաև բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, ինչպես նաև կանաչապատման ուղղությամբ: Բնակիչների տնօրինմանն է հանձնվել բարեկարգված շուրջ 30 բակային տարածք, անցկացվել է շուրջ 5800 գծմ լուսավորության նոր ցանց, պետական միջոցներով ու միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում մեկնարկել են կրթական մի շարք օջախների հիմնանորոգման աշխատանքները, որոնք կշարունակվեն նաև այս տարի: Զեկուցվել է, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել նաև Արցախի շրջանների, ՀՀ մարզերի ու արտերկրի գործընկեր քաղաքների հետ: Անդրադառնալով 2018թ. նախատեսված ծրագրերին՝ Արմեն Ուլիխանյանը վստահեցրել է, որ վարչական շրջանի աշխատակազմը կշարունակի հետևողական աշխատանք տանել նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ: «Պարոն քաղաքապետ, վստահեցնում եմ, որ 2018թ. ծրագրով նախանշված բոլոր աշխատանքները ևս կիրականացվեն ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ընթացիկ բոլոր ծրագրերին զուգահեռ՝ թիմը հետևողական աշխատանքներ կտանի նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ: Պետք է նշեմ, որ նախորդ տարի այս մասով մենք ունեցել ենք ձեռքբերումներ. Նոր Նորքում շահագործման են հանձնվել հյուրանոցային, առևտրային ու մարզական մի շարք խոշոր կենտրոններ, որոնք իրենց հերթին տնտեսական աշխուժություն են մտցրել վարչական շրջանի կյանքում ու առօրյայում», - նշել է Արմեն Ուլիխանյանը: «Նոր Նորք վարչական շրջանը խորհրդային տարիներին ամենականաչապատ տարածքներից էր և ուներ բավականին շատ այգիներ և պուրակներ: Մեր նպատակն է նախ վերականգնել այդ տարածքները, որը նաև Նոր Նորքի բնակիչների պահանջն ու ցանկությունն է, իսկ հետագայում նաև ավելացնել դրանց քանակը: Այս աշխատանքներում, պետք է ապահովեք նաև մեր համաքաղաքացիների ակտիվ մասնակցությունը, ինչը վստահ եմ՝ նրանք մեծ սիրով կընդունեն»,- նշել է քաղաքապետը: Խորհրդակցության ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանքներ տանել 2018թ. նախատեսված ծրագրերը ևս ամբողջությամբ իրականացնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրանք կարևոր նշանակություն ունեն Երևանի զարգացման ու քաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի համար հարմարավետ միջավայրի ապահովման հարցում:

Նմանատիպ նյութեր