211652_close_icon
views-count3145 դիտում article-date 11:16 15-02-2018

Մարդկանց պետք չէ վանել, պետք չէ նրանց «հարցաքննել» հայության թեմայով. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «ՌԴ ներկա, ապագա և ցմահ նախագահ, իսկ այս պահին նաև նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն ունի հայազգի վստահված անձինք՝ սուսերամարտիկ Յանա Եգորյանը, Russia Today-ի և Sputnik-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Կարեն Շահնազարովը, կատակերգուներ Եվգենի Պետրոսյանն ու Միխայիլ Գալուստյանը, գիտնական Ալեքսանդր Չուբարյանը, լողորդ Շավարշ Կարապետյանը: Նման դեպքերում Հայաստանում հարցեր են առաջանում՝ իսկ որքանո՞վ են նրանք հայ, մենք պե՞տք է հպարտանանք նման մարդկանցով, մեզ ընդհանրապես պե՞տք է հետաքրքրի այդ մարդկանց գործունեությունն ավելի շատ, քան ՌԴ մնացած քաղաքացիներինը: Նախ՝ մենք չունենք համընդհանուր և 10 միլիոն մարդու համար ընդունելի պատասխանն այն հարցի, թե ինչ է նշանակում՝ լինել հայ: Դրանով մենք տարբերվում ենք հրեաներից, որոնք այդ հարցը լուծել են կրոնական-գաղափարական հարթության մեջ: Մեր համախմբման ձևը չի կարող կրոնական լինել, որովհետև եղել են և կան, մասնավորապես, կաթոլիկներ, բողոքականներ և աթեիստներ, որոնք մեր ժողովրդի արժանավոր զավակներն են: Հետևաբար պետք է փնտրել այլ չափանիշներ: Օրինակ՝ կարելի է հարցնել՝ իսկ արդյոք այդ մարդիկ ընդունո՞ւմ են իրենց հայ լինելը: Պուտինի վստահված անձինք այս առումով ոչ մի խնդիր, կարծես, չունեն: Հիշյալ գործիչներից անձամբ շփվել եմ միայն Մարգարիտա Սիմոնյանի հետ, որը բավականին ջերմորեն խոսում էր իր ազգային պատկանելության մասին: Իսկ, օրինակ, պուտինյան քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը կամ երգիչ Ֆիլիպ Կիրկորովն իրենց հայ չեն զգում, և նման մարդկանցով այս տեսանկյունից բացարձակապես չարժե հետաքրքրվել: Երկրորդ հարցը, որը կարելի է տալ՝ արդյոք այդ մարդիկ տիրապետո՞ւմ են հայոց լեզվին: Բացի Շավարշ Կարապետյանից՝ հիշյալ 7-յակից, կարծում եմ, ոչ մեկը չի կարող իր մասին նման բան ասել: Իսկ, օրինակ, պուտինյան մեկ այլ քաղաքագետ` Անդրանիկ Միհրանյանը, ազատ շփվում է հայերեն, և երբ գալիս է Երևան, իր հարցազրույցներն ու ասուլիսները տալիս է մայրենի լեզվով: Արդյո՞ք դա իրեն մոտեցնում է Հայաստանի շահերին: Կարծում եմ` ոչ, որովհետև նրա աշխատանքն է՝ սպասարկել Կրեմլի շահերը: Իսկ, օրինակ, Քըրք Քըրքորյանը հայերեն չէր խոսում, բայց ո՞ւմ լեզուն կպտտվի ասել, որ նա հայ չի: Այնուամենայնիվ, ինձ թվում է, բացառությամբ «կուրղինյանական» դեպքերի, մարդկանց պետք չէ վանել, պետք չէ նաև նրանց «հարցաքննել» հայության թեմայով: Հայտնի գործիչների հայկական արմատները անհրաժեշտ է օգտագործել այնքանով, որքանով դա հնարավոր է: Օգտագործել՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Երբեմն նաև հնարավոր է, առանց չափն անցնելու, փորձել նրանց մեջ արթնացնել ազգային զգացմունքներ: Այնպես, ինչպես որ դա եղել է Շերիլին Սարգսյանի և Քիմ Քարդաշյանի դեպքում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր