211652_close_icon
views-count3172 դիտում article-date 21:08 13-02-2018

Հաստատվել է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև ստորագրված պայմանագիրը

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու քննարկմանն է ներկայացվել Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական միության միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը: Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ծրագրի նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և ապահովել էներգախնայողություն՝ շուրջ 90 բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության միջոցառումների իրականացման և տանիքներին արևային ֆոտովոլտային համակարգեր տեղադրելու միջոցով: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլն 250 հազար եվրո է, որից 1 մլն եվրոն Եվրոպական Միության դրամաշնորհն է, իսկ 250 հազար եվրոն՝ Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորումը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018-2019 թվականների ընթացքում, որի արդյունքում կապահովվի տվյալ շենքերի վերելակների, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարումը, շքամուտքերում, բակային տարածքներում կտեղադրվեն LED լուսատուներ, իսկ էներգախնայողության միջոցառումներից և վերականգնվող էներգիայի կիրառումից արտանետումների կրճատումը կկազմի տարեկան 844 տոննա CO2: Ավագանու անդամները քննարկել և հաստատել են Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև 2017 թվականի դեկտեմբերի 27-ին ստորագրված դրամաշնորհային պայմանագիրը: Երևանի ավագանու նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս արժանացել են Երևանի ավագանու հավանությանը: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի 2018 թ. մարտի 19-ին:

Նմանատիպ նյութեր