211652_close_icon
views-count78263 դիտում article-date 13:28 10-02-2018

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. գայլերը հոշոտել են բազմանդամ ընտանիքին պատկանող, ապրուստի միակ միջոց հանդիսացող՝ ոչխարների հոտը. գյուղացիների հույսը պատգամավորն ու մարզպետն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Իրինդ գյուղի բնակիչ Մարտուն Մարկոսյանը առավոտյան այցելելով իրեն պատկանող անասնագոմ՝ փաստի առջև է կանգնել: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ. Մարկոսյանը անասնագոմում հայտնաբերել է 25-ից ավելի հոշոտված գառներ և ոչխարներ: Կատարվածի մասին տեղեկացվել է համայնքի ղեկավար Բարսեղ Հեպոյանը: Այս պահին գյուղապետը գտնվում է նշված վայրում և կատարվածի մասին արդեն տեղեկացրել է մարզպետարան: Ֆոտոլրագրողի հետ զրուցում գյուղացիներն ասում էին, որ Մ. Մարկոսյանի ընտանիքը բազմանդամ է, 14 շունչ են և սոցիալական այս ծանր պայմաններում իրենց ընտանիքի ապրուստի միակ միջոցը գառներն ու ոչխարներն էին, սակայն գայլը կամ գայլերը իրենց սև գործն արել են: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նշված գյուղից ընտրված Ազգային ժողովի պատգամավոր Նաիրի Սահակյանը հայտնեց, որ ինքը պատրաստ է սատար կանգնել տուժած գյուղացուն և իր հնարավորության սահմաններում կօգնի բազմանդամ ընտանիքին: Գյուղապետ Բ. Հեպոյանն էլ ֆոտոլրագրողի հետ զրուցում ասում էր. «Վերջին տարիներին նման դեպք չի եղել, որ գայլերը անասնագոմ մտնեն: Ինչով հնարավոր է, ինչով կարող ենք սատար կկանգնենք տուժած գյուղացուն: Հայտնել եմ մարզպետարան և մարզային գյուղվարչություն, որտեղից էլ հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարություն»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գայլերի կողմից հոշոտված մի քանի հղի ոչխարներ մեկ ամիս հետո պետք է ծնեին: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր