211652_close_icon
views-count1874 դիտում article-date 20:42 09-02-2018

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կառավարության և USAID-ի միջև գործընկերության առաջնահերթությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի, ԱՄՆ ՄԶԳ աշխատակազմի և պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ 1992 թ. ի վեր ծավալված համագործակցությունը և նշել, որ այսօրվա շնորհանդեսը լավ առիթ է քննարկելու ու մտքեր փոխանակելու, թե որտեղ ենք գտնվում և ինչպես ենք ուզում շարժվել առաջ: Հայաստանում ԱՄՆ դեսպանը նշել է, որ ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության 70 տոկոսն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի և մեխանիզմների միջոցով: Ռիչարդ Միլսի խոսքով՝ ներկայում USAID-ն Հայաստանում իրականացնում է 30-ից ավելի ծրագիր, որոնց շրջանակում օժանդակություն է ցուցաբերվում ՀՀ կառավարության կողմից առաջնահերթ համարվող ոլորտների բարեփոխումներին՝ տնտեսություն, կառավարում, դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար և այլն: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը ներկայացրել է իրականացվող ծրագրերի ցանկը և հիմնական արդյունքները՝ նշելով, որ USAID-ի հիմնական նպատակներն են սատարել Հայաստանում տնտեսական աճի ապահովմանը (նպաստավոր միջավայր առևտրի և ներդրումների համար ու թիրախային ոլորտների մրցունակության բարձրացում) և ժողովրդավարության զարգացմանն ու կառավարման բարելավմանը (քաղաքացիական ավելի մեծ մասնակցություն ու վերահսկողություն բարեփոխումներում և քաղաքականության մշակման ու իրականացման առավել բաց մոտեցումներ): Տնտեսական աճի ապահովմանն ուղղված ծրագրերը հիմնականում իրականացվում են էներգետիկայի, գյուղի զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, ջրային ռեսուրսների բնագավառներում, իսկ ժողովրդավարության և կառավարման ոլորտում համատեղ աշխատանքները միտված են վարչատարածքային, երեխաների պաշտպանության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և հումանիտար ոլորտներում ծրագրերի իրականացմանը: Դեբորա Գրիսերը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստ է Հայաստանի կառավարության հետ համատեղ քննարկել հետագա գործընկերության ուղղությունները՝ իր մոտեցումները համապատասխանեցնելով մեր երկրի զարգացման առաջնահերթությունների հետ: ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համատեղ ծրագրեր իրականացնող շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները շնորհակալություն են հայտնել տարիների ընթացքում հաջող գործակցության համար՝ ներկայացնելով արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև պատկերացումները հետագա փոխգործակցության վերաբերյալ: Ամփոփելով մտքերի փոխանակումը՝ կառավարության ղեկավարը նույնպես շնորհակալություն է հայտնել ԱՄՆ գործընկերներին տպավորիչ համագործակցության համար, որի արդյունքում արձանագրվել են շոշափելի արդյունքներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է կարևոր բարեփոխումների փուլում, և ԱՄՆ ՄԶԳ հետ գործակցության խորացումը մեծ նշանակություն ունի: «Մենք ունենք բաց գործընկերային հարաբերություններ՝ և´ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, և´ USAID-ի հետ: Մենք չափազանց շահագրգռված ենք այդ համագործակցության մեջ: Առաջնահերթությունները շատ են՝ հակակոռուպցիոն քաղաքականություն, սնանկացում, դատական համակարգ, ոռոգման համակարգի ռեֆորմ, առողջապահության ապահովագրում, տեսչական մարմիններին տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն, թվային օրակարգ, գյուղատնտեսություն, տարածքային կառավարում, ռեգիոնալ և կենտրոնական մարմինների իրավունքների բալանսավորում, հարկային, մաքսային վարչարարություն, սոցիալական հասցեականություն, վարչական ռեգիստր և բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: Չի գալու մի պահ, որ մենք օրակարգում խնդիր չունենանք, բայց հիմա հետաքրքիր, ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է», - նշել է ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր