211652_close_icon
views-count7744 դիտում article-date 16:08 08-02-2018

Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար սուբսիդավորված վարկեր կտրամադրի նաև «Կոնվերս բանկը»

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը, Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը ստորագրել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության հուշագրեր: «Մենք մարզերից ունենք օպերատիվ տեղեկատվություն, որ գյուղացիական տնտեսությունները հետաքրքրված են ծրագրերով, պայմաններ են ճշտում, դիմում են բանկերին»,-նշել է նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը: Փոխնախարարի խոսքով` օր օրի աճում է նաև ծրագրով հետաքրքրված կապալառու կազմակերպությունների թիվը, որոնք պատրաստակամություն են հայտնում հանդես գալ որպես կառուցապատող ընկերություններ: Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին: Պետության կողմից իրականացվելու է վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում: Շահառուները կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման համար կարող են ստանալ տարեկան 2, իսկ ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար` 5 % տոկոսադրույքով վարկեր: «Այս համաձայնագրի ստորագրումը թույլ կտա Կոնվերս բանկին ավելի մատչելի ֆինանսավորում կատարել փոքր և միջին գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար»,-նշել է Կոնվերս բանկի կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Ռոստոմ Բադալյանը՝ տեղեկացնելով, որ բանկի մասնաճյուղերը հասանելի են ՀՀ ամբողջ տարածքում: Վահե Հարությունյանը իր հերթին նշել է, որ ծրագրի նկատմամբ խոշորագույն բանկերի հետաքրքվածությունը պայմանավորված է նրանով, որ դրանք նպատակային և պրակտիկ են: Մինչ օրս նշված ծրագրերի շրջանակում համագործակցության հուշագրեր են ստորագրվել նաև «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի, «Ինեկոբանկ»-ի, «Արմսվիսբանկ»-ի և «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առևտրային կոոպերատիվի հետ:

Նմանատիպ նյութեր