211652_close_icon
views-count3385 դիտում article-date 19:53 07-02-2018

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Գերմանական զարգացման բանկի (KfW) ներկայացուցիչները, «MF Strategy», «MicroInsurance Centre and AgroConsulting» կազմակերպությունների խորհրդատուները և «Swiss Re and Agroinsurance International» վերաապահովագրող կազմակերպության ներկայացուցիչները: KfW բանկի կողմից հայտարարված խորհրդատուի մրցույթի արդյունքում ընտրվել է նշված 3 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիում, որի հետ համատեղ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Կենտրոնական բանկը կպատրաստեն գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը՝ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման գործում աջակցության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնելու գործակցությունը գյուղատնտեսական մյուս ճյուղերում ևս: Կարեն Կարապետյանը, ներկայացնելով այս բնագավառում նախաձեռնված բարեփոխումները, նշել է, որ կառավարության նպատակն արդյունավետ, խելացի գյուղատնտեսություն ունենալն է, որի կարևոր բաղադրիչներից մեկն ապահովագրությունն է: Կառավարության ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ապահովագրական բիզնեսի ռիսկերի նվազեցման նպատակով այժմ իրականացվում է հակակարկտային հրթիռային համակարգի փորձնական ներդրման ծրագիր: Հայաստանում Գերմանիայի դեսպանի խոսքով՝ գյուղապահովագրության ծրագիրը նորարարական է, հեռանկարային, և ԳԴՀ կառավարությունը պատրաստ է շարունակել օժանդակել ՀՀ կառավարությանը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համագործակցությունը զարգացնելու համար: KfW-ի ներկայացուցիչ Մոնիկա Գյունթները ողջունել է ՀՀ կառավարության՝ գյուղոլորտում երկարաժամկետ, կայուն զարգացման ծրագրեր իրականացնելու քաղաքականությունը և նշել, որ Գերմանական զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը խորացնելու և երկարաժամկետ հեռանկարային նախաձեռնություններ կյանքի կոչելու գործում: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Կենտրոնական բանկի, ապահովագրական շուկայի ներկայացուցիչների և միջազգային փորձագետների միջև կայանալիք քննարկումների օրակարգի և հետագա քայլերի շուրջ: Փորձնական ծրագրի շրջանակում KfW բանկի կողմից տրամադրվելու է 5 մլն եվրո դրամաշնորհ և նույն չափով համաֆինանսավորում է լինելու պետական բյուջեից, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:

Նմանատիպ նյութեր