211652_close_icon
views-count3549 դիտում article-date 16:11 07-02-2018

ՀՀ գյուղնախարարը և Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումայի հետ քննարկել է հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային` հայ-հոլանդական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:Հանդիպմանը ներկա էր նաև ՌԴ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գյուղատնտեսության հարցերով խորհրդական Մեուվես Բրաուվերը: Հանդիպման սկզբում նախարար Իգնատի Առաքելյանը բարձր է գնահատել գյուղատնտեսության բնագավառում, այդ թվում` նաև կարտոֆիլագործության ոլորտում, երկու երկրների միջև ձևավորված փոխհարաբերությունները։ Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության զարգացման տեսլականը` ընդգծելով, որ ոլորտի առաջնահերթությունների թվում է անասնապահության խթանումը, գյուղատնտեսական հումքի վերամշակման կենտրոնների հիմնումը, կաթի մթերման կայանների ստեղծումը: Ընդգծելով, որ բարձր արդյունքների հասնելու համար անհրաժեշտ են ներդրումներ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է հոլանդական կողմին ուսումնասիել այս ոլորտներում ներդրումների ներգրավման հնարավորությունը: Հոլանդացի պոտենցիալ ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար նախարարը միաժամանակ կարևորել է մեր երկրի մասին նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացումը: Հայ-հոլանդական համագործակցությունը գործնական հենքի վրա դնելու նպատակով հոլանդական կողմին առաջարկվել է քննարկել PPP (պետություն-մասնավոր հատված գործընկերություն) ձևաչափով համատեղ ծրագրի մշակման և իրականացման հնարավորությունը: Տեղեկացնելով, որ այժմ Հայաստանում ընթացքի մեջ է կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագիրը, իսկ հետագայում նախատեսվում է միջոցներ ձեռնարկել անձրևային ոռոգման համակարգի ներդրման ուղղությամբ` Իգնատի Առաքելյանը հնարավոր է համարել նաև այս հարցում հոլանդական մասնավոր ընկերությունների հետ համագործակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ուսուցման և փորձարկման կենտրոնի ստեղծման գործում հոլանդացի մասնագետնմերի փորձի փոխանակման հարցին: Կարևորելով երկկողմ համագործակցությունը հատկապես կաթի արտադրության և վերամշակման բնագավառում` կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել հանգամանորեն վերլուծել տեղական կաթնամթերքի շուկան` Հայաստանում բիզնես ծրագրեր սկսելու համար հոլանդացի հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով:

Նմանատիպ նյութեր