211652_close_icon
views-count2201 դիտում article-date 12:21 07-02-2018

Նոր օրինագիծ. դատական նիստերը կարող են հեռարձակվել առանց կողմերից մեկի միջնորդության

Վարչական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսվում է, որ դատական նիստի լուսանկարահանումը, ձայնագրումը, նաև հեռարձակումը լրատվամիջոցներով կատարվում է դատավարության մասնակցի միջնորդությամբ, դատարանի թույլտվությամբ. Այս դրույթը մտահոգություն է առաջացրել լրագրողների մոտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացնելիս նշեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով, «դատավարության մասնակցի միջնորդությամբ» եզրույցը բավականին մտահոգիչ է. «Բանն այն է, որ եթե լրագրողին անհրաժեշտ է դատավարության մասնակցի միջնորդությունը, նա կամա թե ակամա հայտնվում է դատավարության այս կամ այն մասնակցի կողմնակալ կողմում: Ըստ էության, կասկածի տակ էր դրվում լրագրողի անաչառությունը: Եթե լրագրողը ստիպված է դիմել դատավարության մասնակցին, որ նա միջնորդի, որ լուսանկարահանում իրականացվի, տրամաբանական տեսանկյունից դատավարության մյուս կողմի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու է միջնորդում»,-ասաց Ա. Հովհաննիսյանը: Նա նշեց, որ ներկայացված օրինագիծն առաջարկում է, որ դատական նիստերի տեսանկարահանումը, հեռարձակումը և այլն կատարվի ոչ թե կողմերից մեկի միջնորդությամբ, այլ դատական նիստին ներկա դատավարության մասնակիցների համաձայնությամբ և դատարանի թույլտվությամբ: «Այսինքն, պետք է լինի ոչ թե այս կամ այն կողմի միջնորդությունը, այլ պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությունը, որի դեպքում դատարանը կտա համաձայնություն»: Իսկ քանի որ վարչական դատավարության կողմերից մեկը վարչական մարմինն է, ապա օրինագծում նաեւ նշվել է, վարչական մարմինը պետք է հիմնավորի, թե ինչու է դեմ տեսաձայնագրմանը: «Այն դեպքում, երբ առարկում է դատավարության մասնակից վարչական մարմինը, ապա նա պարտավոր է ողջամտորեն հիմնավորել իր անհամաձայնությունը, որի պարագայում արդեն դատարանը կորոշի թույլատրել նիստի լուսաբանումը, թե ոչ»,-ասաց Ա. Հովհաննիսյանը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ սա չի բխում լրագրողների շահերից, որովհետև եթե նախկինում պետք էր միայն կողմերից մեկի միջնորդությունը, հիմա պետք է լինի բոլոր կողմերի համաձայնությունը: «Դուք փորձում եք, ինչպես որոշել եք կառավարոփւթյան նիստերը փակ անել, այնպես էլ որոշել եք դատական նիստերը դռնփակ անել: Ուզում եք հրապարակայնությունը խախտել: Գործող օրենքը ավելի լավն է, քան ձեր կողմից առաջարկվողը»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր