211652_close_icon
views-count29136 դիտում article-date 10:51 07-02-2018

Եթե Վրաստանում հայտարարեմ, որ «օրենքով գող» եմ, ապա ինձ անմիջապես կձերբակալեն. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ անզիջում պայքար է մղելու «օրենքով գողերի» դեմ և նրանց քրեական պատասխանատվության է ենթարկելու: Մեր հայրենակիցներից շատերը ոգևորվեցին` «այ, այսպես է պետք, լավ կլինի, որ մեզ մոտ էլ…»: Շատ բաներ, որ կատարվում են Վրաստանում, ինձ դուր են գալիս, բայց այս մի հայտարարությունը կա՛մ պոպուլիզմ է և օդի մեջ ասված խոսք, կա՛մ բացահայտ ապօրինությունների խոստում, կա՛մ երկուսը միասին: Ոչ մի երկրի Քրեական օրենսգրքում չկա «օրենքով գող» իրավական կարգավիճակ: Կան մարդիկ, որոնք կասկածվում են, մեղադրվում են, հետախուզվում են կամ դատապարտվում են կոնկրետ հանցագործություն կատարելու համար: Եթե «օրենքով գող» հռչակվածը կոնկրետ հանցագործություն է կատարել, ապա պետք է դատապարտվի օրենքով նախատեսված հոդվածով: Եթե չի կատարել կամ կատարել է, դատապարտվել է և արդեն կրել է համապատասխան պատժաչափը, ապա նա քաղաքացի է բոլոր մնացած քաղաքացիների նման: Կվիրիկաշվիլին ասում է մոտավորապես հետևյալը. եթե անձը խոստովանում է կամ «հռչակում է», որ ինքն «օրենքով գող» է, դա արդեն իսկ հիմք է նրան քրեորեն հետապնդելու համար: Ստացվում է այնպես, ինչպես ժամանակին նկարագրել էր ստալինյան բռնաճնշումներ իրականացնող դատախազ Անդրեյ Վիշինսկին` «ինքնախոստովանությունը ապացույցների թագուհին է»: Ուրեմն, եթե ես Վրաստանում հայտարարեմ, որ «օրենքով գող» եմ, ապա ինձ անմիջապես կձերբակալեն: Համաձայնեք` տարօրինակ տրամաբանություն է: Մոտավորապես նույնպիսի ոչ հստակ տերմինաբանություն երեկ հնչել է Հայաստանի խորհրդարանում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն առաջարկեց արգելել տոտալիտար ագրեսիվ աղանդների գործունեությունը: Բայց մենք գիտե՞նք, թե ինչ է աղանդը, թե՞ դա որոշվում է աչքաչափով: Եվ եթե նույնիսկ գիտենք, կարո՞ղ ենք որոշել, թե որ աղանդն է դեմոկրատական, իսկ որը` տոտալիտար: Այստեղ էլ, կարծում եմ, ամեն ինչ պետք է լինի զուտ իրավական հարթության վրա: Եթե տվյալ կրոնական կազմակերպությունը մարդուն մղում է հանցագործության, ինքնասպանության, ինքնախեղման, երեխաների առողջությանը վնասող գործողությունների, ապա այդ կազմակերպությունը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, բայց եթե հանցագործությունն իրականացնողը դա արել է իր նախաձեռնությամբ, աղանդն այստեղ առանձնապես կապ չունի` նույնատիպ հանցագործություն կարող էր կատարել Հայ առաքելական եկեղեցու հետևորդը կամ, ասենք, աթեիստը»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր