211652_close_icon
views-count2635 դիտում article-date 14:21 05-02-2018

Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել պտուղբանջարեղենային պահածոներ արտադրողների հետ` ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են մթերումների կազմակերպմանը, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրին, մթերման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրերի կնքմանն առնչվող հարցեր: Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին սկսել գյուղացիական տնտեսությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացը, որպեսզի նրանք վստահ լինեն, որ իրենց արտադրանքը երաշխավորված կերպով կմթերվի: Միաժամանակ առաջարկել է ակտիվորեն աշխատել ֆինանսական կառույցների հետ ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագրից օգտվելու համար, որպեսզի մթերման սեզոնի մեկնարկին վարկերն արդեն հաստատված լինեն, և մթերումների դիմաց վճարումների կատարումն ընթանա սահուն և առանց ուշացումների: Տեղեկացնելով, որ նախատեսվում է ընդլայնել լիզինգի պետական աջակցության ծրագրով տրամադրվող ապրանքների շրջանակը` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է վերամշակողներին ներկայացնել իրենց անհրաժեշտ սարքավորումների ցանկը:

Նմանատիպ նյութեր