211652_close_icon
views-count3437 դիտում article-date 15:16 02-02-2018

Քննարկվել են գյուղապահովագրության ներդրման փորձնական ծրագրի մեկնարկին առնչվող հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ մեկնարկող գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրին առնչվող հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, Կենտրոնական բանկի և KfW բանկի պատասխանատուներ և այլ պաշտոնատար անձինք: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` ՀՀ գյուղատնտեսության նախարարը նշել է, որ հանդիպումը երկար սպասված էր` հաշվի առնելով ծրագրի կարևորությունը գյուղոլորտի համար: «Ծրագրի մասին խոսում ենք արդեն մի քանի տարի շարունակ, բոլորդ գիտեք, թե ինչ ակնկալիքներ ունենք գյուղապահովագրության ծրագրից, այժմ մենք ակնկալում ենք միջազգային փորձագետների այց, որոնք ընտրվել են KfW բանկի կողմից, և նախատեսում ենք նրանց հետ համատեղ մշակել հետագա քայլերը և ֆիքսել ժամկետներ»,- նշել է նախարար Առաքելյանը: Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ ռիսկերի նվազեցման նպատակով այժմ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ իրականացվում է հակակարկտային հրթիռային համակարգի փորձնական ներդրման ծրագիր, ինչպես նաև 2018 թվականից մեկնարկել է կարկտապաշտպան ցանցների ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի խոսքով` այս պահին առաջնահերթ խնդիրը վնասի գնահատման ինստիտուտի ներդրումն է, «Նարմա» բյուրոյի ձևավորումը, որը կլինի այն գործիքը, որով կգնահատվեն բնածին աղետների վնասները, բյուրոն կզբաղվի նաև ապահովագրական պոլիսների մշակմամբ: Փոխնախարարը կարևորել է ապահովագրական ընկերությունների կարծիքն ու առաջարկներն այս փուլում աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու գործում: Պատասխանատուները նշել են, որ փորձնական ծրագրի ընթացքում KfW բանկի կողմից 5 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրվում և նույնքան էլ պետական բյուջեից համաֆինանսավորում կլինի, որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը, քանի որ այսօր գյուղացիները դեռևս պատրաստ չեն սեփական միջոցներից ամբողջությամբ հոգալ այդ ծախսերը: «Գյուղատնտեսությունը սոցիալական ոլորտ է, և մենք գյուղացուն չպետք է հիասթափեցնենք: Մենք այստեղ ակնկալում ենք երկրի սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված համագործակցություն պետության և մասնավորի միջև: Գյուղատնտեսությանը մենք դեռ չենք կարող վերաբերվել որպես բիզնեսի, սակայն համոզված եմ, երբ ապահովագրական համակարգը գործի, մի քանի տարի հետո այն կդառնա բիզնես»,-նշել է Իգնատի Առաքելյանը: Կենտրոնական բանկի պատասխանատուների կողմից առաջարկ է ներկայացվել «Նարմա» բյուրոն ձևավորել մասնակից ապահովագրական ընկերություններից և նրանց ներդրումներով` կիրառելով ԱՊՊԱ-ի հաջողված փորձը: Նրանք նաև հավելել են, որ առաջիկա շաբաթվանից նախատեսում են հանդիպումներ սկսել գյուղապահովագրությամբ հետաքրքված ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների հետ: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ և արդյունավետ իրականացնել, որպեսզի 2019 թվականից արդեն հնարավոր լինի վաճառել ապահովագրական պոլիսները:

Նմանատիպ նյութեր