211652_close_icon
views-count2668 դիտում article-date 14:50 02-02-2018

Հայաստանի և Ղազախստանի վարչապետները երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Ալմաթիում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության վարչապետ Բակիջան Սագինտաևի հետ: Կարեն Կարապետյանը նշել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ անցած տարվա առաջին 11 ամիսների ընթացքում, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 51.2 տոկոսով: Երկու երկրների վարչապետները համակարծիք են եղել, որ այժմ անհրաժեշտ է շարունակել ջանքեր գործադրել այդ ցուցանիշները բարելավելու և տնտեսական կապերն էլ ավելի խորացնելու ուղղությամբ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներում էլ կան բազմաթիվ հեռանկարային նախագծեր, որոնք կարելի է իրականացնել համատեղ և փոխշահավետ պայմաններով: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտներում փոխգործակցության, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հարցերին: Կարեն Կարապետյանը նաև գործընկերոջը տեղեկացրել է Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ այդ, ինչպես նաև այլ արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությունը լավ հնարավորություն է ընձեռում Հայաստանի միջոցով այլ խոշոր շուկաներ մուտք գործելու համար:

Նմանատիպ նյութեր