211652_close_icon
views-count3115 դիտում article-date 12:40 02-02-2018

Հարաբերությունների խորացման մեծ ներուժ է առկա. վարչապետ Կարեն Կարապետյանն Ալմաթիում հանդիպել է Բելառուսի գործընկերոջ հետ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում հանդիպել է Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Երկու պետությունների գործադիր մարմինների ղեկավարները քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների օրակարգը և փոխգործակցության զարգացման հեռանկարները: ՀՀ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ անցած տարվա առաջին 11 ամիսներին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 20 տոկոսով: Կողմերը համակարծիք են եղել, որ առկա է հարաբերությունների խորացման մեծ ներուժ և պետք է պահպանել ու խթանել դրական միտումները: Կարեն Կարապետյանը Բելառուսի իր գործընկերոջը ծանոթացրել է անցած տարվա նոյեմբերին հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին՝ նշելով, որ այն կարող է հետաքրքիր լինել բելառուսական բիզնեսի և հատկապես՝ գյուղատնտեսական ոլորտի ընկերությունների համար: Քննարկվել են տարբեր բնագվառներում, մասնավորապես՝ անասնաբուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Այս տեսանկյունից կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

Նմանատիպ նյութեր