211652_close_icon
views-count5608 դիտում article-date 16:10 01-02-2018

Սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն. վարչապետ

Կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը միացման ձևով կվերակազմակերպվի և համամասնորեն կմիացվի հյուսիսային, հարավային, արևելյան, արևմտյան և արարատյան մաքսատուն-վարչություններին: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախաբացթողումային հսկողության վարչության գործառույթներն իրականացվում են վերոնշյալ մաքսատուն-վարչությունների կողմից՝ կրկնություններից խուսափելու նպատակով: ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ որոշումն ուղղված է ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացն առավելագույնս հեշտացնելուն: «Ձերբազատվում ենք ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորություններից, այդ գործընթացում բիզնեսի համար էականորեն կրճատվում է ժամանակը, ընդլայնվում է ռիսկերի կառավարման համակարգի կիրառման շրջանակը»,-նշել է Վախթանգ Միրումյան՝ հավելելով, որ այս առաջարկությունն էական դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումն ու նշել. «Շատ համարձակ, ճիշտ քայլ է: Մենք բիզնեսին վստահություն ենք ցուցաբերում, սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն: Դրանով ցույց ենք տալիս, որ մեր ՊԵԿ-ն ուժ և համապատասխան հսկողության մեխանիզմներ ունի, որպեսզի, եթե այն, ինչ պայմանավորվում ենք, խախտվի, հետագայում հայտնաբերվի: Շատ լավ բան է»:

Նմանատիպ նյութեր