211652_close_icon
views-count3040 դիտում article-date 09:32 01-02-2018

Շիրակի մարզի ՔՀԿ ներկայացուցիչներին ներկայացվեց ՀԿ-ների վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի և դրանում արված վերջին փոփոխությունների մասին այսօր Գյումրիում դասընթաց կազմակերպվեց Շիրակի մարզում գործող գործող քաղհասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչների կողմից։ Տեղի ունեցած քննարկում-դասընթացը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում։ Օրենսդրական նորամուծությունները ավելի քան 15 ՔՀԿ ներկայացուցիչներին ներկայացրեց ծրագրի ինկուբատորների համակարգող Մարատ Ատովմյանը։ Միջոցառման մասնակիցների հիմնական մասը կանայք էին։ «Բավականին մանրամասն տեղեկություններ ստացանք նոր օրենսդրության վերաբերյալ։ Հիմա աշխատում եմ կանոնադրության փոփոխման վրա ու բավականին նշումներ արեցի, որոնք կարող եմ ներառել դրանում։ Կարևոր էր ձեռնարկատիրությամբ զբաղվելու, ՀԿ անդամներ ներգրավելու, և աուդիտ անցնելու կարգը»,- ասաց «Ախուրյան» երիտասարդական ՀԿ նախագահ Լևոն Իգիթյանը։ Ինչպես նա, այնպես էլ մասնակիցներից «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ ներկայացուցիչ Ռոզա Ավագյանը նշեցին, որ նորություն է եղել աուդիտի անցկացման վերաբերյալ դրույթները, մասնավորապես, որ հանրային միջոցներից 5 միլիոն դրամից ավելի ֆինանսավորում ստանալու դեպքում պետք է պարտադիր աուդիտ անցկացվի և դա պետք է արվի ՀԿ միջոցներով։ Մարատ Ատովմյանը ներկայացրեց նաև «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որի հիմնական նպատակը Հայաստանում ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների մշակման գործընթացում։ Դասընթացի ավարտից հետո Մարատ Ատովմյանը պատասխանեց հարցերին ու հայտնեց, որ ՀԿ գործունեության վերաբերյալ ծրագրի շրջանակում իրավաբանական անվճար խորհրդատվություն ու օգնություն է տրամադրվում։ Եթե Դուք նույնպես քաղաքացիական ակտիվիստ ե՞ք և ցանկություն ունեք իրավաբանական աջակցություն ստանալու, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամաբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը: Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունը իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00; հեռ.՝ 540199; ֆաքս՝ 580299; URL՝ http://www.armla.am, http://ccd.armla.am, էլ. փոստ` [email protected]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր