211652_close_icon
views-count3498 դիտում article-date 10:41 31-01-2018

Ռուսաստանի նման երկրների հանդեպ պատժամիջոցները միանգամայն արդարացված են. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկվա ամենաաղմկահարույց միջազգային իրադարձությունը «Կրեմլյան զեկույցն» էր, որում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը, այսպես ասած, «բիրիքով» Ռուսաստանի ամբողջ վերնախավը (114 պաշտոնյայի և 96 օլիգարխի, այդ թվում` մեր հայրենակից Սամվել Կարապետյանին) համարեց «ռիսկային» և հնարավոր պատժամիջոցներին ենթակա: Ճիշտն ասած, բոլորին մի սանրով սանրելն առանձնապես վստահություն չի ներշնչում. եթե չի ասվում, թե հատկապես ինչով են այդ մարդիկ կասկածելի, ինչ մեղք է գործել նրանցից յուրաքանչյուրը, ապա ստեղծվում է «կոլեկտիվ պատասխանատվության» մթնոլորտ: Սկզբունքորեն ես դեմ չեմ, որ ոչ ժողովրդավարական երկրների պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ կիրառվեն: Եթե, օրինակ, որևէ իրավապահ «գործ է թխել» կամ նպաստել է մարդկանց խոշտանգմանը, ապա թե՛ ինքը և թե՛ նրա անմիջական «շեֆերը» պետք է պատասխանատվություն կրեն: Եվ եթե այդ երկրի դատարանները և բարձրագույն իշխանություններն այդ հանցագործությունները կոծկում են (սովորաբար այդպես էլ լինում է), ապա, անշուշտ, այդ հանցագործներով պետք է զբաղվեն «դրսի» կամ վերազգային ատյաններ: Ցանկալի է, իհարկե, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը: Բայց քանի որ Ռուսաստանի նման երկրները խորապես, մեղմ ասած, անտարբեր են ՄԻԵԴ-ի որոշումների հանդեպ, միանգամայն արդարացված են նաև այլ երկրների պատժամիջոցները: Սակայն երբ ընդգրկվում է միանգամից 210 հոգի՝ ոչ թե որպես անհատ, այլ, այսպես ասած` ի պաշտոնե, նման ակցիաները կորցնում են իրենց սկզբնական իմաստը: Այդ 210 հոգին կոռումպացվա՞ծ են: Շատ հնարավոր է: Բայց դա պետք է ապացուցել: Նրանք խախտում են մարդու իրավունքնե՞րը, անօրինական գործարքնե՞ր են կնքում, չարաշահում են իրենց դի՞րքը: Հավատում եմ, բայց ուզում եմ իմանալ, թե ով ինչ է արել: Հասկանում եմ, որ դա քաղաքական ակցիա է, ճնշման միջոց և այլն: Բայց արդյո՞ք Պուտինի շրջապատը դրանով կճնշվի: Ինձ թվում է, հակառակը՝ իր դյուրահավատ քաղաքացիների աչքում հավելյալ քաղաքական դիվիդենդներ կստանա: «Տեսնո՞ւմ եք,- կասեն նրանք,- մենք նպաստում ենք, որ Ռուսաստանը ծնկներից վեր կենա, իսկ ահա մեր թշնամիները դա չեն ուզում և դիմում են ինչ-որ անհասկանալի քայլերի»: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասում է, որ ԱՄՆ-ն այս քայլով ուզում է ազդել Ռուսաստանի նախագահի ընտրությունների արդյունքների վրա: Կարծես թե դրանց վրա կարող է ինչ-որ բան ազդել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր