211652_close_icon
views-count2665 դիտում article-date 16:37 30-01-2018

ՀՀ գյուղնախարարը հանդիպել է ջերմոցատերերի հետ. նախարարությունը նոր ծրագիր է մշակում ընտանեկան բիզնեսի համար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է մի շարք խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը: Հանդիպման նպատակն էր ջերմոցատերերի հետ քննարկել ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ հարցերի լուծման ուղիները և նախանշել զարգացման հեռանկարները: «Հանրապետությունում նոր խոշոր ջերմատներ են կառուցվում, փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների նկատմամբ նույնպես հետարքրություն կա: Նախորդ տարի կառավարությունը իջեցրեց գազի սակագինը ջերմոցային տնտեսությունների համար, այժմ նախապատրաստում ենք լիզինգի ծրագիր փոքր և միջին ջերմոցատերերի համար` փոքր ընտանեկան բիզնեսի խրախուսման և եկամուտների ավելացման նպատակով, միաժամանակ նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագիր ենք մշակում, որը թույլ կտա ճիշտ պահեստավորել և պահպանել արտադրանքը` արտահանման նպատակով»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` կոչ անելով հանդիպման մասնակիցներին ներկայացնել իրենց մտահոգող հարցերն ու առաջարկները: Հանդիպմանը ներկա ջերմոցատերերը բարձրացրել են թուրքական պտուղ-բանջարեղենի ներմուծման դեպքերին, պարարտանյութերի և թունաքիմիկատների որակի լաբորատոր ստուգումների հնարավորությանը, որակյալ մասնագետների պատրաստմանը, կենսաբանական եղանակներով բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Հանդիպման մասնակիցները ոլորտի ընդլայնման և զարգացման նպատակով կարևորել են նաև մատչելի տոկոսադրույքներով վարկերի տրամադրման հարցը: Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Նախարար Առաքելյանը նշել է , որ նախարարությունը առկա հարցերին լուծումներ տալու ուղղությամբ կմշակի ծրագրեր և դրանք կներկայացնի կառավարության քննարկմանը:

Նմանատիպ նյութեր