211652_close_icon
views-count10194 դիտում article-date 10:47 30-01-2018

«Ծխել ենք, ծխում ենք, ու ծխելու ենք». բա ինչի՞ են ընտրությունները կեղծվում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եթե ձեզ ասում են՝ չի կարելի աղբը նետել մեքենայի պատուհանից, մի՛ համաձայնեք: Որովհետև Հայաստանում չկա սոցիալական արդարություն: Քանի որ չկա արդարություն, հետևաբար ամեն քայլափոխի պետք է աղբանոցներ սարքել: Տրամաբանական է, չէ՞: Այ, եթե ինչ-որ հրաշքով մենք ապրեինք արդար, օրինական երկրում, այդ դեպքում հոգ կտանեինք քաղաքի և հանրապետության մաքրության մասին: Եթե ձեզ ասում են, որ աջակողմյա երթևեկության պայմաններում չպիտի լինեն աջ ղեկով մեքենաներ, դա նույնպես սխալ է: Ինչո՞ւ է սխալ: Որովհետև Հայաստանում կա մեկ միլիոն աղքատ: Նույնպես շատ տրամաբանական է: Եթե լիներ, օրինակ, կես միլիոն աղքատ, այդ ժամանակ հնարավոր կլիներ մտածել ձախ ղեկ ունենալու մասին: Եթե ձեզ ասում են, որ հասարակական վայրերում ծխել չի կարելի, որովհետև այդ վայրերում կարող են լինել նաև չծխող մարդիկ, դա ընդհանրապես անհեթեթություն է: Որովհետև Հայաստանում ընտրություններ են կեղծվում: Հասկանալի է, չէ՞, որ մարդիկ ծխում են հենց իշխանությունների՝ լեգիտիմության պակասի դարդից և կսկսեն առողջ ապրելակերպ վարել միայն այն պարագայում, եթե ունենան լեգիտիմ իշխանություն: Արդար ընտրությունները մարդկանց կստիպեն ավելի հոգատար լինել սեփական և ուրիշների առողջության հարցում: Եթե ցանկություն չկա լինելու նորմալ քաղաքացի և նորմալ մարդ, բոլոր փաստարկներն էլ ընդունելի են: Մանավանդ այս վերջին՝ ծխելու դեմ պայքարի դեպքում, երբ մի «բոխչայի» մեջ են հավաքվել սովորական պոպուլիզմը, համեմատաբար «անշառ» թեմայով իշխանության ոչ բարձրագույն օղակին հակադրվելը, ինչպես նաև «Ինգո Արմենիայի» բիզնես մրցակիցների շահերը: Ես կողմ եմ, որ սննդի օբյեկտներում, հիմնարկների գրասենյակներում, տրանսպորտում, վերելակներում և կանգառներում ծխելն ամբողջությամբ, անվերապահորեն արգելվի: Ուրիշ հարց, որ մեր պետությունն առայժմ չի մտածել արդյունավետ ձևեր, որոնցով հնարավոր կլինի իրագործել այդ արգելքը: Բարձրացնել տուգանքների չափերը՝ ինձ թվում է, դա արդյունավետ ճանապարհ չէ: Եվ խնդիրը «բա էս խեղճ ժողովրդին ի՞նչ աշխատավարձ եք տալիս, որ նման տուգանք եք դնում» պոպուլիստական փաստարկը չէ: Խնդիրն ավելի պարզ է. եթե հասարակական վայրում ծխող մարդկանց չի հաջողվում տուգանել, երբ տուգանքը, ենթադրենք, 5 հազար է, ապա չի հաջողվի տուգանել, երբ տուգանքը 50 կամ 500 հազար է: Եթե նախորդ՝ ավելի մեղմ օրենքը չի գործում, այն չի գործի նաև «խստացումների» պարագայում: Ոչինչ չի վարկաբեկում ճիշտ գաղափարը, որքան «օդի մեջ» մնացած, անիրագործելի հռչակագրերը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր