211652_close_icon
views-count5565 դիտում article-date 22:16 27-01-2018

Եվրոպացի պատգամավոր. Ժողովրդավարական զարգացումն Արցախում ճիշտ ուղղությամբ է ընթանում

«Իմ մեծագույն ցանկությունն է, որ Արցախը և Ադրբեջանը կողք-կողքի ապրեն խաղաղությամբ», «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնը: Ամփոփելով երկօրյա այցը՝ պատգամավորն ասել է, որ տարբեր հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ԱՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Եվրոպայի հետ բարեկամության խմբի անդամ պատգամավորների, կրթության, գիտության ու սպորտի, մշակույթի, երիտասարդության ու զբոսաշրջության, արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև բրիտանական ոչ կառավարական «Halo Trust» ականազերծող կազմակերպության ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց կողմից տարվող աշխատանքներին: «Այս շատ կարճ ժամանակահատվածում մենք ունեցանք ուսուցողական և հագեցած ծրագիր, որի ընթացքում շատ տեղեկություններ հավաքեցինք: Չնայած, որ իմ այցելությունը անհատական բնույթ է կրում, այնուամենայնիվ շատ կարևոր են նման այցերը՝ Արցախի մասին ավելի ընդհանուր և խորը պատկերացում ունենալու համար: Ես Եվրոպական խորհդարանում արտաքին հարաբերությունների հաձնաժողովի անդամ եմ, բայց միևնույն ժամանակ՝ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, և մարդու իրավունքները իմ աշխատանքում կենտրոնական տեղ են զբաղեցնում: Մենք մեր տարբեր հանդիպումների ընթացքում քննարկել ենք նոր Սահմանադրությունը, մարդու իրավունքները և հակամարտության ամբողջ ենթատեքստը: Մարդու իրավունքները շատ կարևոր են, քանի որ դրանք ցանկացած ժողովրդավարության հիմքն են, անկյունաքարը: Ես գիտեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղեկավարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, բայց կարծում եմ, որ, ընդհանրապես, մենք՝ եվրոպացիներս, պետք է ավելի ակտիվ դեր խաղանք խաղաղության տարբեր նախաձեռնություններում, որպեսզի երկխոսությունն ավելի ակտիվ ընթանա: Խաղաղությունը և կայունությունը շատ կարևոր են այստեղ ապրող մարդկանց համար, բայց դրանք կարևոր են նաև եվրոպացիների համար»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը: Լարս Ադակտուսոնի գրասենյակի տնօրեն Չարլի Վեյմարսն էլ անդրադարձել է Արցախում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին, մասնավորապես նշելով, որ սահմանդրական փոփոխությունները շատ բնական գործընթաց են ժողովրդավարության համար, և հարկ է ընդգծել, որ փոփոխվել է դատավորների նշանակվելու կարգը: «Կարծում եմ՝ ժողովրդավարական զարգացումն Արցախում ճիշտ ուղղությամբ է ընթանում: Եվ այն փաստը, որ դատավորները ընտրվում են Խորհրդարանի կողմից, արդեն իսկ ցույց է տալիս, որ դատավորների ընտրության գործընթացն ապաքաղաքականացվում է: Դուք ուղղված եք դեպի Եվրոպա, և օրենքի գերակայությունը եվրոպական հասարակության, քաղաքական համակարգերի ամենագլխավոր բաղադրիչներից է, բայց դրա կողքին շատ կարևոր է մարդկանց կյանքի որակը բարելավելու սկզբունքը և նպատակը: Մենք տեսանք այստեղ այդ կամքը, որի համար շատ ուրախ ենք»,- ասել է Չարլի Վեյմարսը: Ասուլիսին ներկա ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանն էլ նշել է, որ իրենց աշխատանքի մեծ մասը նվիրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ավելի բարեկեցիկ կյանք ունենալուն, և իրենք իրենց ուժերի ներածին չափով փորձելու են իրական ապագա ստեղծել ժողովրդի համար: «Այս շրջանում մեր հիմնական աշխատանքն է շփման գծի վրա տեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախաձեռնությամբ անվտանգության համակարգը, որը պետք է ստուգի, թե որ կողմն է խախտում զինադադարը, որպեսզի մեր երիտասարդները չտուժեն: Այս տարի լրանում է Արցախյան շարժման 30-ամյակը, Հայաստանի առաջին Հանրապետության և Արցախի առաջին համագումարի 100-ամյակը: Այս տարի պետք է փորձենք մինչև տարեվերջ ունենալ զանազան միջոցառումներ՝ նշելու մեզ համար շատ կարևոր այս իրադարձությունները»,- ասել է Գ. Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր