211652_close_icon
views-count4800 դիտում article-date 11:00 27-01-2018

Արցախում անցկացվել են պաշտպանության բանակի գումարտակների և դիվիզիոնների հրամանատարական հավաքներ

Հունվարի 22-26-ը բանակի բոլոր գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հետ անց են կացվել հրամանատարական հավաքներ, որոնք նպատակ ունեին բարձրացնել մասնակիցների հրամանատարական ունակություններն ու մասնագիտական գիտելիքները, կատարելագործել մեթոդական պատրաստության աստիճանը, դաշտային վարժվածության մակարդակը, հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից; Հավաքների շրջանակում, որոնք անց են կացվել ՊԲ-ի կենտրոնական ենթակայության զորամասերի և միավորումների ուսումնանյութական բազայի հիմքի վրա, կազմակերպվել են ինչպես կենտրոնացված և ընդհանուր, այնպես էլ նեղ մասնագիտական պարապմունքներ: Կարևորելով մարտավարական տվյալ օղակի դերն ու նշանակությունյը զորքերի ամենօրյա կենսագործունեության կազմակերպման գործում, հավաքների մասնակիցներին հանդիպել և անհրաժեշտ մեթոդական ցուցումներ է տվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Ներգրավված սպայակազմի հետ համապատասխան պարապմունքներ են անցկացրել նաև ՊԲ-ի և միավորումների բարձրաստիճան հրամանատարության ներկայացուցիչները: Բացի գիտելիքներն ու գործնական ունակությունները զարգացնելուց, հավաքները գումարտակ օղակի սպայակազմի համար լավ հնարավորություն էր նաև փորձի փոխանակում իրականացնելու առումով: Հրամանատարական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող սպաները հավաքների ընթացքում տեսական պարապմունքներին զուգահեռ մասնակցել են նաև գործնական և ցուցադրական պարապմունքների, որոնք ավելի են ամրապնդել ուսուցանվողների մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները: Հավաքների ավարտին մասնակիցները հանձնել են ստուգարքներ ու քննություններ, որոնց արդյունքները հաշվի առնելով, վերադաս հրամանատարությունը նախանշել է այն հիմնական ուղղությունները, որոնք գումարտակների հրամանատարության ներկայացուցիչները պետք է պահեն ուշադրության կենտրոնում՝ առաջիկա ուսումնաշրջանի ընթացքում:

Նմանատիպ նյութեր