211652_close_icon
views-count45098 դիտում article-date 18:57 26-01-2018

Փաստաբանը, անդրադառնալով «Դիլիջանի ազգային պարկ»-ից 415 կանգուն ծառ հատելու գործին, պնդում է, որ քրեական գործի նախաքննությունն իրականացվել է բազմաթիվ դատավարական և օրինականության կոպիտ խախտումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2017 թվականին մարտի 27-ին, Հաղարծին Արշավ գնացած Տիգրան Շաբազյանը, նկատել էր որ բավականին մեծ թվով առողջ ծառեր կան հատված և այդ մասին հրապարակում էր արել իր ֆեյսբուքայն էջում: Իհարկե հրապարակումը լայն հնչեղություն էր ստացել և գործը հասել էր իրավապահ մարմիններին: «Դիլիջանի ազգային պարկ»-ի այդ տեղամասում նշված հիմնարկի հատուկ ջոկատի աշխատակիցների կողմից կատարվել էին ստուգումներ, ինչի արդյունքում պարզվել էր, որ անհայտ անձանց կողմից ապօրինաբար հատվել են 415 հատ տարբեր տեսակի կանգուն ծառեր: Ստուգումներին մասնակցել է նաև հատուկ ջոկատի տեսուչ, ներկայումս ամբաստանյալ Արմեն Սարգսյանը: Ստուգման արդյունքներով հատուկ ջոկատի տեսուչները կազմել են համապատասխան զեկուցագրեր, իսկ 100 հատ ծառերի վերաբերյալ ազգային պարկի ղեկավարությունը համապատասխան տեղեկություն էր փոխանցել իրավապահ մարմիններին: Վերջիներիս կողմից անտառահատման դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքում Թամրազ Թամրազյանի տան բակում հայտնաբերվել է անտառանյութ, որի կապակցությամբ նրա խնամի Սամվել Թամրազյանը 2017թ. մայիսի 3-ին հաղորդում է տվել ոստիկանությունում` ազգային պարկի հատուկ ջոկատի տեսուչ Արմեն Սարգսյանին 140,000 դրամ կաշառք տալու դիմաց անտառից փայտանյութ ձեռք բերելու թույլտվություն ստանալու վերաբերյալ: 2017թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` հատուկ ջոկատի տեսուչ Արմեն Սարգսյանի կողմից Սամվել Թամրազյանից 140,000 դրամ կաշառք ստանալու փաստի առթիվ: Հաջորդ օրը Արմեն Սարգսյանը ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է անազատության մեջ: Այսօր՝ հունվարի 26-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Ա. Սարգսյանի փաստաբան Կարեն Բատիկյանը, անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին, ներկայացրեց հետևյալ հանգամանքները, մասնավորապես` նա նշեց, որ քրեական գործի նախաքննությունն իրականացվել է բազմաթիվ դատավարական և օրինականության խախտումներով, վարույթն իրականացնող մարմինը քննությունն իրականացրել է միայն մեղադրողական ուղղվածությամբ, հաշվի չեն առնվել պաշտպանական կողմի փաստարկները` Արմեն Սարգսյանի անմեղությունն ապացուցելու վերաբերյալ, այդ ուղղությամբ նախաքննական մարմինը չի կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը` մանրակրկիտ ստուգել պաշտպանական կողմի պատճառաբանությունները` մեղադրյալի անմեղության վերաբերյալ: Մասնավորապես, Արմեն Սարգսյանը ազգային պարկում աշխատանքի է ընդունվել 2017թ. մարտի 17-ին: Երբ 2017թ. մայիսի 3-ին ոստիկնության աշխատակիցների կողմից Թամրազ Թամրազյանի տան բակում հայտնաբերվել է ապօրինի հատված անտառանյութը, կաշառք տալու վերաբերյալ հաղորդում տված Սամվել Թամրազյանի որդին` Գարիկ Թամրազյանը, հայտնել է բառացիորեն հետևյալը` փայտանյութը մոտ 15 խմ է, փաստաթուղթ չունի, ձեռք է բերել 2017թ. մարտ ամսվա սկզբին` Հաղարծին գյուղի վերնամասում գտնվող տարածքից, հինգ կանգուն հաճարենի հատելուց: Այսինքն, Գ. Թամրազյանը ոստիկանության աշխատակիցներին հստակ տեղեկություններ է ներկայացրել իր կողմից ապօրինի անտառահատում կատարելու, ինչպես նաև այն կատարելու տեղի և ժամանակի վերաբերյալ: Այստեղ հատկանշականն այն է, որ անտառահատումը կատարած ժամանակ` մարտ ամսվա սկզբին, Արմեն Սարգսյանը դեռևս ազգային պարկում չի աշխատել և որևէ կերպ չէր կարող առնչվել ներկայացված դեպքի հետ: Նախաքննական մարմինը Արմեն Սարգսյանին արդարացնող հիշյալ փաստարկը յուրովի մեկնաբանելով, այն որպես մեղադրող ապացույց մեղադրական եզրակացության մեջ ներկայացնելով, չի նշել, որ Գարիկ Թամրազյանը հայտնել է իր կողմից հինգ հաճարենի հատելու մասին, իսկ այն, որ ժամանակային առումով դա Արմեն Սարգսյանի աշխատանքային ժամանակահատվածին չի համընկնում, նախաքննական մարմինը գերադասել է լռել և մեկնաբանություններ չներկայացնել: Քրեական գործի քննության ընթացքում Արմեն Սարգսյանն իր ցուցմունքներում պարզաբանել է, երբ աշխատանքի ընդունվելուց մոտ 10 օր անց ղեկավարության հանձնարարությամբ ստուգում են իրականացրել ազգային պարկի 6-րդ պահաբաժնում, իրեն է զանգահարել այդ տարածքում անասնապահական ֆերմա ունեցող Սամվել Թամրազյանը ու հայտնել է, որ հատված ծառերից որոշակի քանակ հատվել են իր կողմից, բացի այդ, այդ տեղամասի անտառապահն է իր հորաքրոջ ամուսին Սարգիս Բեգլարյանը և սպառնացել է ստուգումները չդադարացնելու դեպքում իրենց վնաս տալ: Ստուգումներն իրենց կողմից շարունակվել են, մի քանի օրվա ընթացքում հայտնաբերվել են 415 թարմ հատված տարբեր տեսակի ծառերի կոճղեր, որի վերաբերյալ 2017թ. մարտի 30-ին և ապրիլի 13-ին զեկուցագրեր են ներկայացվել ազգային պարկի ղեկավարությանը: Երբ դրանց 100 հատի վերաբերյալ տեղեկություն է ներկայացվել ոստիկանություն և հետագայում` ոստիկանության աշխատակիցների կողմից Թամրազ Թամրազյանի տան բակում հայտնաբերվել է փայտանյութը, 2017թ. ապրիլ ամսվա վերջում Սամվել Թամրազյանը Հաղարծին գյուղում հանդիպել է իրեն և իր գործընկերներին ու պահանջել է դրա վերաբերյալ փաստաթուղթ տրամադրել, սպառնալով հակառակ պարագայում ոստիկանությունում հայտնել, որ դրա համար կաշառք է տվել իրենց: Դրանից մի քանի օր անց իրեն գիշերը կանչել են քննչական բաժին ու ձերբակալել են: Քրեական գործի քննության ընթացքում Սամվել Թամրազյանը հարցաքննվել է որպես վկա: Նա նշել է, որ 11 անգամ անտառից փայտ բերելու համար Արմեն Սարգսյանին տվել է 140,000 դրամ, այդ մասին տեղյակ են միայն իր ընտանիքի անդամները, իսկ հորաքրոջ ամուսին Սարգիս Բեգլարյանը, որը 6-րդ պահաբաժնի անտառապահն է, իր կողմից գումարի մի մասը Ա. Սարգսյանին տալուց հետո, իրեն հայտնել է, որ այդ գումարից ազգային պարկի մեկ այլ աշխատակից` Կամո Պողոսյանը իրեն տվել է իր բաժինը` 20,000 դրամ: Հարկ է նշել, որ Սարգիս Բեգլարյանը իր ցուցմունքներում հերքել է Սամվել Թամրազյանի պնդումը` իր կողմից կաշառքի գումարից բաժին ստանալու վերաբերյալ, սակայն նախաքննական մարմինը խեղաթյուրելով այդ հանգամանքը, մեղադրական եզրակացության մեջ նշել է, որ Ս. Բեգլարյանն այդպիսի տեղեկություններ է հաղորդել և առավել ևս դրանք պնդել է Ա. Սարգսյանի և Կ. Պողոսյանի հետ առերես հարցաքննությունների ընթացքում: Բացի այդ, քրեական գործի դատաքննության ընթացքում Սարգիս Բեգլարյանը դարձյալ հերքել է 20,000 դրամ ստանալու և այդ մասին Սամվել Թամրազյանին պատմելու հանգամանքը: Ինչպես նշվեց, նախաքննության ողջ ընթացքում Սամվել Թամրազյանը հարցաքննվել է որպես վկա, որը քրեադատավարական օրենքի կոպիտ խախտում է: Օրենսդրությունը, ինչպես նաև նախադեպային պրակտիկան պահանջում է անձին հարցաքննել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակում, եթե դատավարական փաստաթղթերում արվում են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն վկայում են այդ անձի կողմից ենթադրաբար կատարված հանցագործության մասին: Այդպիսի դեպքերում ցուցմունք տալը անձի համար պետք է դառնա ոչ թե պարտականություն, ինչպես վկայի հարցաքննությունը, այլ` իրավունք, անձը պետք է ապահովվի առնվազն երկու իրավունքով` լռության և պաշտպան ունենալու իրավունքով: Սակայն քննարկվող դեպքում նախաքննական մարմինը շարունակաբար խախտելով օրենքի պահանջը, Սամվել Թամրազյանին հարցաքննել է վկայի կարգավիճակում: Այս առթիվ նախաքննական մարմնին ներկայացվել են հինգ միջնորդություններ` Սամվել Թամրազյանի ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասը արգելում է մեղադրանքի հիմքում դնել և որպես ապացույց օգտագործել օրենքի խախտմամբ ձեռք բերված տվյալները: Սակայն, նախաքնական մարմինն առանց պատճառաբանությունների միջնորդությունները մերժել է, որի պատճառով համապատասխան բողոքներ են ներկայացվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, սակայն վերջինս իր հերթին «օրինականացրել» է քննիչի ապօրինի գործողությունները, դարձյալ առանց հիմնավորելու` մերժման որոշումներ կայացնելով: Նշված որոշումները բողոքարկվել են հսկողություն իրականացնող դատախազի վերադասին` մարզի դատախազին, սակայն վերջինիցս ստացված գրությամբ տեղեկացվել է, որ մարզի դատախազն իրավասու չէ վերացնել հսկող դատախազի որոշումը, այսինքն` վերադաս դատախազը ձեռնպահ է մնացել ներկայացված օրինականության խախտման մասին դիրքորոշում ներկայացնելուց և գրությունից պարզ չէ, թե ի վերջո պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկը` ապացույցն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, վերադաս դատախազն ընդունում է և օրենսդրորեն հնարավորություն չունի այն վերացնելու, թե ընդհանրապես չի ընդունում և վերահաստատում է հսկող դատախազի կարծիքը: Այնուամենայնիվ, քրեական գործը դատարան է ուղարկվել հիշյալ խախտման առկայությամբ, որի պատճառով դեռևս դատական նիստի նախապատրաստական փուլում դատարանին միջնորդություն է ներկայացվել Սամվել Թամրազյանի ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ: Այդ միջնորդության քննարկումը դատարանը հետաձգել է, սակայն, երբ Սամվել Թանրազյանի հարցաքննության ընթացքում առաջարկվեց դատավարական խախտումը վերացնել և նրան հարցաքննել մեղադրյալի հարցաքննության կանոններով` ապահովելով լռության և պաշտպան ունենալու իրավունքը, դատարանն այդ միջնորդությունը մերժեց և շարունակելով մեղադրանքի կողմի խախտումը, Ս. Թամրազյանին հարցաքննեց որպես վկա: Վերջինիս հարցաքննությունը իրականացվեց երկու դատական նիստերի ընթացքում, որի ժամանակ բացահայտվեցին նախաքննական մարմնի կողմից կատարված մի շարք ապօրինություններ, մասնավորապես` որպես վկա հարցաքննված Ս. Թամրազյանի` դատավարության կողմերի հարցերին տված պատասխաններից հայտնի դարձավ, որ կաշառքի վերաբերյալ հաղորդումը տվել է փայտանյութը հայտնաբերելուց 8 օր հետո/ըստ քր. գործի նյութերի` հաղորդումը տրվել է փայտանյութը հայտնաբերելու նույն օրը/, Արմեն Սարգսյանի հետ գումար չի պայմանավորվել, նման բան չի ասել, այդ մասին արձանագրված ցուցմունքն ստորագրել է առանց կարդալու, Արմեն Սարգսյանին գումարը տվել է փայտանյութի փաստաթուղթ ձեռք բերելու համար, Արմեն Սարգսյանին տված գումարի մասին որևէ մեկին, այդ թվում` իր ընտանիքի անդամներին չի պատմել, իր ցուցմունքներում գրված «կաշառք» բառն իր կողմից չի օգտագործվել, քննիչին չի հայտնել Սարգիս Բեգլարյանի կողմից, նրան 20,000 դրամ տալու վերաբերյալ տեղեկություններ, ցուցմունքները ստորագրել է առանց կարդալու` քննիչին վստահելով և այլն: Սամվել Թամրազյանի դատարանում տված ցուցմունքներից հետո ակնհայտ դարձավ Արմեն Սարգսյանի մեղադրանքի շինծու լինելը, քանի որ վերջինս հերքեց մեղադրանքի որոշման մեջ ներկայացված բոլոր փաստարկները, միաժամանակ տեղեկություն ներկայացնելով քննիչի կողմից իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ արձանագրելու վերաբերյալ: Այդ ցուցմունքից անմիջապես հետո պաշտպանական կողմը դատարանին միջնորդություն ներկայացրեց Արմեն Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ, հաշվի առնելով, որ կալանավորման որոշումներում նշված միակ հիմքը` դատավարության մասնակցի վրա ապօրինի ազդեցությունը, Սամվել Թամրազյանի հարցաքննությամբ վերացավ: Պաշտպանական կողմի միջնորդությունով դատական նիստը ավարտվեց, իսկ հետագայում շուրջ 4 անգամ` մեղադրողների փոփոխության պատճառաբանությամբ դատական նիստերը հետաձգվում էին: Միջնորդությունը ներկայացնելուց ավելի քան 40 օր անց դատարանը միջնորդությունը քննարկեց և որոշում կայացրեց այն մերժել: Որպես հիմնավորում` դատարանը որոշման պատճառաբանական մասում նշել է, որ «առջևում կիրառվելու է դատաքննությունը լրացնելու դատավարական փուլը, ինչը չի բացառում արդեն իսկ հարցաքննված վկաների լրացուցիչ հարցաքննության հնարավորությունը.....»: Այդ պատճառաբանությունն առնվազն տարօրինակ էր և ոչ որոշակի, քանի որ վկաների լրացուցիչ հարցաքննության որևէ անհրաժեշտություն մինչ այդ պահը չէր առաջացել: Սակայն, դատարանի որոշման մեջ ներկայացված ձևակերպման պատճառը հայտնի դարձավ մոտ 20 րոպե անց, երբ մեղադրողը դատարանին միջնորդություն ներկայացրեց արդեն իսկ հարցաքննված Սամվել Թամրազյանին և Սարգիս Բեգլարյանին լրացուցիչ հարցաքննելու վերաբերյալ: Միակ պատճառաբանությունը, որ դատախազը ներկայացրեց, դա այն էր, որ հիշյալ անձինք ներկայումս ունեն մեղադրյալի կարգավիճակ: Հարկ եմ համարում հիշեցնել, որ այդ անձանց մեղադրյալի հարցաքննության կանոններով հարցաքննելու միջնորդությամբ պաշտպանական կողմը դատարանին միջնորդություն էր ներկայացրել շուրջ 3 ամիս առաջ, որը նույն նախագահող դատավորի կողմից մերժվել էր: Մեղադրողի կողմից միջնորդությունը ներկայացնելուց հետո այն անմիջապես համադրվեց դատարանի կողմից կայացված որոշման մեջ նշված «առջևում կիրառվելու է դատաքննությունը լրացնելու դատավարական փուլը, ինչը չի բացառում արդեն իսկ հարցաքննված վկաների լրացուցիչ հարցաքննության հնարավորությունը.....» ձևակերպմանը, որից հետո ծագեց ողջամիտ ենթադրություն, որ դատարանը տեղյալ էր մեղադրողի գործողությունների մասին` արդեն իսկ հարցաքննված վկաներին լրացուցիչ հարցաքննելու պատճառաբանությամբ խափանման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելով և նման պարագայում խիստ մտահոգիչ է դառնում արդարադատություն իրականացնղ մարմնի նման գործելաոճը: Բացի այդ, նշված օրը տեղի ունեցած դատական նիստի ընդմիջման ժամանակ, դատարանի բակում, դատական նիստին ներկա գտնվող անձինք հանդիպել էին Սարգիս Բեգլարյանին և Սամվել Թամրազյանին, որոնցից առաջինը, ըստ ականատեսների` պատմել է, որ ոստիկանության աշխատակիցների կողմից նախորդ գիշեր բերվել է ոստիկանության բաժին, որտեղ սպառնալիքներով ցուցում են տվել գնալ դատարան և ցուցմունք տալ Արմեն Սարգսյանին կաշառք տալու հանգամանքների վերաբերյալ: Զարմանալին այն էր, որ նշված անձինք Դիլիջանից Իջևան էին հասել առանց դատարանի կողմից ծանուցվելու, ինչն առավել ակնառու էր դարձնում, որ նրանք ներկայացել են ոչ իրենց կամքով: Քրեական գործի դատաքննությունը դեռևս չի ավարտվել և հետագա զարգացումները, կարծում եմ, առավել մտահոգիչ են դառնալու.... [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր