211652_close_icon
views-count7101 դիտում article-date 17:46 26-01-2018

Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված միջոցառում

Հունվարի 25-ին Մյունխենում՝ ԳԴՀ Բավարիա երկրամասի Առևտրի արդյունաբերական պալատում, տեղի ունեցավ Հայաստանին նվիրված միջոցառում, որը կազմակերվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, «Բավարիայի ուխտագնացների միության» և «Դոկտոր Զասսե» ընկերության կողմից: Միջոցառմանը, որը նպատակ ուներ ներկայացնելու Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը և տնտեսական զարգացման հեռանկարները, մասնակցում էին Բավարիա երկրամասի խորհրդարանի պատգամավորներ, գործարարների, Գերմանիայի հասարական-քաղաքական հատվածի, ճամփորդական ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և հայ համայնքի անդամներ: Մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը կարևորեց այսօրինակ միջոցառումների անցկացումը՝ որպես խթան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, և ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացումը հայտարարել է իր առաջնահերթություններից մեկը: Հայաստանը, լինելով քրիստոնեության օրրան և հազարամյա ավանդույթներ ունեցող երկիր, միևնույն ժամանակ նորովի է ներկայանում օտարերկրյա լսարանին՝ շնորհիվ իր հզոր ինտելեկտուալ ներուժի, նպատակասլաց և առաջադեմ երիտասարդության: «Բավարիայի ուխտագնացների միության» նախագահ Յուլիուս Պաստն իր խոսքում անդրադարձավ հայ-գերմանական պատմական առնչություններին, կարևորեց Հայ Առաքելական եկեղեցու նշանակալի դերը միջեկեղեցական կապերի զարգացման գործում: «Դոկտոր Զասսե» ընկերության համանախագահ Քրիստինե Զասսեն նշեց, որ այս միջոցառումը կարող է ծառայել Հայաստանի ճանաչելության բարձրացմանը գերմանական լայն հասարակության շրջանակներում: Միջոցառման մասնակիցների համար «Հայ եկեղեցու պատմությունը և ներկան» խորագրով դասախոսությունով հանդես եկավ աստվածաբանական, գիտությունների դոկտոր Հարություն Հարությունյանը: Հայաստանի զբոսաշրջային ոլորտի գրավչությունը, հզոր ներուժն ու զարգացման հեռանկարները ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր Հրայր Բաղրամյանը՝ «Բացահայտել Կովկասի մարգարիտ Հայաաստանը» խորագիրը կրող իր դասախոսությունով: Բանախոսները պատասխանեցին նաև ներկաների բազմաթիվ հարցերին: «Բավարիայի ուխտագնացների միությունը» փետրվարյան իր համարում հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ ներկայացնելով ինչպես երկրի պատմությունը և մշակույթը, այնպես էլ՝ զբոսաշրջային ոլորտը:

Նմանատիպ նյութեր