211652_close_icon
views-count3029 դիտում article-date 11:41 25-01-2018

Հայաստանը «Ցեղասպանություն, Ղարաբաղ, Ռուսաստանի ֆորպոստ» ասոցիատիվ տխուր շարքի մեջ է «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ցանկացած ներկայացուցիչ՝ լինի նա երկրի առաջին դեմք, իշխանական թե ընդդիմադիր պատգամավոր, առաջին հերթին խոսում է Արցախի խնդրի մասին: Ես հասկանում եմ, թե ինչու է այդպես, բայց շատ կցանկանայի, որ այդպես չլիներ, որովհետև Եվրոպայի խորհուրդը հակամարտությունները լուծելու հարթակ չէ՝ այդ կառույցի առաքելությունը եվրոպական արժեքների շուրջ համախմբումն ու համագործակցությունն է: Դա առայժմ այնքան էլ լավ չի ստացվում՝ նաև կառույցի ներքին խնդիրների պատճառով, ինչի մասին, ի դեպ, երեկ խոսել է նաև Հայաստանի նախագահը: Բայց «չստացվելու» հիմնական պատճառն այն է, որ ԵԽԽՎ-ում տարբեր երկրներ, նաև Հայաստանն ու Ադրբեջանը նստաշրջանի ժամանակ սկսում են իրար հետ «հաշիվ մաքրել»: Իհարկե, դրա նախաձեռնողը սովորաբար ադրբեջանական պատվիրակությունն է լինում, ինչպես որ երեկ էր, երբ այդ պատվիրակության ղեկավար Սեիդովը գրգռված ձայնով կրկնեց ադրբեջանական քարոզչության, իմ կարծիքով, հնացած փաստարկները: Բայց եթե փաստարկները հնչում են, մերոնք ստիպված են պատասխանել, և ԵԽԽՎ մանդատից դուրս ծավալվող բանավեճն անխուսափելի է: Բայց ընդհանուր առմամբ պետք է ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլև մնացած միջազգային հարթակներում խուսափել, որ Հայաստանը մնա «Ցեղասպանություն, Ղարաբաղ, Ռուսաստանի ֆորպոստ» ասոցիատիվ տխուր շարքի մեջ: Ինձ թվում է՝ պետք չի քաշվել և բարդույթավորվել, անհրաժեշտ է անկաշկանդ, հավասարը հավասարի պես մնացած եվրոպական (իսկական եվրոպական) երկրների հետ քննարկել համաեվրոպական օրակարգը: Մեր պատգամավորներից Արփինե Հովհաննիսյանն ընտրվել է ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ: Նա ներկայացնում է մեր հասարակական վերնախավի երիտասարդ սերունդը, որն ամբողջությամբ կայացել է անկախ Հայաստանի ժամանակաշրջանում. նրա համար եվրոպական արժեհամակարգի մեջ տեղավորվելը շատ ավելի դյուրին է, քան իմ հասակակիցների, նա չունի լեզվական և այլ խոչընդոտներ: Վստահ եմ, որ ԵԺԿ խմբում քննարկվելու են տարբեր եվրոպական երկրներում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ, և մեր ներկայացուցիչն ակտիվորեն կմասնակցի այդ քննարկումներին: Կարծում եմ՝ դա կարևոր է նաև Արցախի համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր