211652_close_icon
views-count10237 դիտում article-date 23:00 24-01-2018

«Ստալինի մահը» ֆիլմն անսպասելիորեն թույլ չեն տվել ցուցադրել ռուսաստանցիներին

Ռուսաստանի մշակույթի նախարարությունը ետ է կանչել «Ստալինի մահը» ֆրանս-բրիտանական կատակերգության վարձութային հավաստագիրը, հաղորդում է «Նովայա գազետան»: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կինեմատոգրաֆի մի շարք ռուս գործիչներ և մշակույթի նախարարությանը կից հանրային խորհրդի անդամներ դիտել են ֆիլմն ու նամակ գրել՝ խնդրելով արգելել ֆիլմի ցուցադրությունը ռուսական կինոթատրոններում: Ռուս կինեմատոգրաֆիստներն ու Հանրային խորհրդի անդամ պաշտոնյաները ֆիլմը վիրավորական են համարել: «Ֆիլմում պղծվում են մեր պատմական խորհրդանիշները՝ խորհրդային հիմնը, շքանշաններն ու մեդալները: Մարշալ Ժուկովը որպես հիմար է ներկայացված»: Խորհրդի անդամները նաև նշել են, որ հունվարի 25-ին ֆիլմի վարձույթում հայտնվելը կարող է խանգարել Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակի տոնակատարությանը: «Ստալինի մահը» բրիտանացի ռեժիսոր Արմանդո Իանուչիի կատակերգությունն է, որը կատակների քաղաքական ուղղվածությամբ հիշեցնում է Սաշա Բարոն Քոենի «Բռնապետը» ֆիլմը: «Ստալինի մահը» ֆիլմում պատմվում է ԽՍՀՄ-ում իշխանության համար պայքարի մասին: Ռեժիսորը զավեշտալի կերպով է ներկայացնում խորհրդային առաջնորդներին՝ Խրուշչովին, Բերիային, Ժուկովին: Կինոինդուստրիայում ռուսական իշխանությունների միջամտությունների մասին նորությունները վերջերս ավելի ու ավելի հաճախ են հանդիպում: Մեկ շաբաթ առաջ սկանդալ տեղի ունեցավ «Փադինգթոն-2» ֆիլմի ցուցադրությունը տեղափոխելու փորձի հետ կապված: Ֆիլմի վարձույթի մեկնարկի նախօրեին ՌԴ մշակույթի նախարարությունը պրեմիերան հետաձգել էր երկու շաբաթով՝ թույլ չտալու համար, որպեսզի «Փադինգթոնը» մրցակցի հիմա կինոթատրոններում ցուցադրվող ռուսական ֆիլմերի հետ: Այն բանից հետո, երբ Կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիան քննադատել էր նախարարության գործողությունները, ֆիլմն այնուամենայնիվ թույլ տվեցին վարձույթում հայտնվել, թեև՝ երկու օր ուշացումով: Ինչպես և սպասվում էր, «Փադինգթոնի» ցուցադրության արդյունքում հավաքագրված գումարը գերազանցեց ռուսական ֆիլմերից հավաքագրված գումարը: Նախորդ տարի ռուսական կինոինդուստրիայի ամենաաղմկահարույց սկանդալը «Մատիլդա» ֆիլմի արգելման փորձն էր Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայայի կողմից: Ֆիլմը պատմում էր վերջին ռուս ցար Նիկոլայ Երկրորդի և բալետի պարուհի Մատիլդա Կշեսինսկայայի սիրավեպի մասին: Ֆիլմի թրեյլերն այնպես էր խոցել ռուսական ուղղափառ հանրությանը, որ «Քրիստոնեական պետություն՝ Սուրբ Ռուսիա» կազմակերպությունը սպառնում էր «Մատիլդայի» վարձույթի պատասխանատուներին ցուցադրությունների բռնի ձախողմամբ, իսկ դրա մասնակիցները մի քանի մեքենա այրեցին որպես ֆիլմի դեմ բողոքի նշան: Պատմությունն ավարտվեց նրանով, որ մշակույթի նախարարությունը պատճառ չգտավ ֆիլմի ցուցադրությունն արգելելու համար, և «Մատիլդան» ցուցադրվեց կինոթատրոններում: [url=https://jam-news.net/?p=81826&lang=hy]JAMNEWS[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր