211652_close_icon
views-count2835 դիտում article-date 15:58 24-01-2018

2018 թվականի կարևոր առաջնահերթություններից մեկը՝ ապահովել գործարքների ամբողջական փաստաթղթավորում. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ շարունակվում են ոլորտային քննարկումները: Արդեն իսկ կայացած 7 հանդիպումներում կոմիտեն տնտեսվարողներին է ներկայացրել ոլորտային ռիսկերը: «Հիմնական խնդիրը՝ գործարքների ամբողջական փաստաթղթավորումն է. դրա վերաբերյալ կա նաև երկրի նախագահի հստակ հանձնարարականը: Եթե գործարքները ճիշտ և ամբողջական փաստաթղթավորվեն, ապա հարկերի հաշվարկման առումով խնդիրներ և ռիսկեր չեն արձանագրվի»,-ընդգծել է փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը: Նախորդ տարվանից մեկնարկած ՊԵԿ-բիզնես երկխոսության արդյունքում, ըստ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի, արձանագրվել է իրացման շրջանառությունների և վճարված հարկերի ավելացում. «Թեպետ որոշ տնտեսվարողներ էականորեն բարելավել են հարկային վարքագիծն, այնուամենայնիվ, ռիսկեր դեռ կան: Ծախսերի ուռճացում, թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրում, ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, չգրանցված աշխատողներ. սրանք այն հիմնական խնդիրներն են, որ բնորոշ են գրեթե բոլոր ոլորտներին»: Սուպերմարկետների և մանրածախ առևտրով զբաղվողների մոտ արձանագրվել է իրացման շրջանառությունների թերհայտարարագրում, ալյուրի արտադրության ոլորտում՝ առանց փաստաթղթի ցորենի ձեռքբերում գյուղմթերք արտադրողներից, որոնք նույնպես իրացվել են առանց փաստաթղթի: Հրուշակեղենի, թռչնի մսի, ձվի, մսամթերքի, կաթնամթերքի արտադրության ոլորտում արձանագրվել է արտադրական նորմերի ուռճացում, պարենային ապրանքների ներմուծման բնագավառում հարկային հաշիվներով գների խախտում, չգրանցված աշխատողների ռիսկեր և այլն: Կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները: Տնտեսվարողների հավաստմամբ նման ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ քննարկել խնդիրները: Հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին ՊԵԿ-ը հորդորում է ինքնուրույն հայտարարագրել պակաս վճարված հարկերը՝ զերծ մնալով հսկողական միջոցառումներից: Երկխոսության ձևաչափով բիզնեսի հետ քննարկումները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր