211652_close_icon
views-count4667 դիտում article-date 13:48 24-01-2018

ՊԲ-ում կատարելագործվել են հրետանային և ՀՕՊ համակարգեր. Լևոն Մնացականյանն ամփոփել է 2017թ.-ը

Հունվարի 24-ին բանակի տեղեկատվական կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի՝ 2017թ. բանակային տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետությունից ժամանած մի խումբ լրագրողներ և Արցախում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Ասուլիսի մեկնարկում բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական խոսքով՝ սկզբում ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունները, մասնավորապես կանգ առնելով փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ՊԲ արևելյան և հարավարևելյան ուղղություններով ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձերի վրա, ինչի արդյունքում հակառակորդը չեզոք գոտում թողնելով 5 հատուկ ջոկատայինի դիակ և տարհանելով 3 վիրավոր, հետ է շպրտվել ելման դիրքեր: Այնուհետև Լ. Մնացականյանն անդրադարձել է հակառակորդի անցկացրած զորավարժություններին, առաջնագծում վերջինիս իրականացրած կահավորական աշխատանքներին ու զենքի և զինտեխնիկայի գնումներին: Ներկայացնելով 2017թ. պաշտպանության բանակում կատարված աշխատանքները՝ Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել և բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր, որոնք այսուհետ ևս թույլ կտան ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը: Նախորդ տարվա ընթացքում բանակում կատարված աշխատանքներից Լևոն Մնացականյանն առանձնացրել է դիրքապահների համար առավել անվտանգ ծառայության պայմանների ստեղծումը, մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների պատրաստության մակարդակի բարձրացումը, զինվորական կարգապահության բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքները, հրետանային և ՀՕՊ համակարգերի կատարելագործումը, շտաբների փոխգործակցության և ներդաշնակման ուղղությամբ կատարված քայլերը, բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ տարված աշխատանքները, նորագույն տեխնոլոգիաների ներդնումը, նոր դիրքերի կահավորումը, դիտարկման համակարգերի կատարելագործումը, ճանապարհային ցանցի զարգացումը, տեխնիկական և թիկունքային ապահովության բարձրացման հարցերը: Ամփոփելով տարին՝ բանակի հրամանատարը նշել է, որ պաշտպանության բանակին հաջողվել է պահպանել խաղաղությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ վստահեցնելով, որ ՊԲ-ը ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն և պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, <<Պատիվ ունեմ>> և <<Ես եմ>> ծրագրերի ներդրմանը և այլն:

Նմանատիպ նյութեր